Մայիսի 22-ից Վրաստանում ատամնաբուժարանները վերսկսում են հիվանդների պլանային ընդունելությունը: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
Զուգահեռաբար կշարունակվի մայիսի 11-ից սկսված կլինիկաների մոնիտորինգը, որի նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մասնագետների կողմից համաճարակաբանների ընձեռած հանձնարարականների կատարման ստուգումն է:
Ինչպես տեղեկացրել են Վրաստանի Առաջին ալիքին ատամնաբուժական գործունեության կարգավորման ծառայությունից, այս պահի դրությամբ գործակալությունն ատամնաբուժական պլանային ծառայությունը սկսելու առումով կլինիկաներից ստացել են 279 հաղորդագրություն, ստուգվել է 191 օբյեկտ, որոնցից 164-ին տրվել է գործունեությունը շարունակելու իրավունք:
Ինչ վերաբերում է սակագներին, ինչպես հայտարարել է Ատամնաբույժների ասոցիացիայի նախագահ Քեթի Գոգիլաշվիլին, կլինիկաների մեծ մասը ստիպված կլինի բարձրացնել ծառայությունների գները, քանի որ համավարակի պայմաններում սահմանված նոր հանձնարարականների պահպանումը պահանջում է հավելյալ ֆինանսական մեծ ծախսեր:
Մասնավորապես, կլինիկաները ստիպված կլինեն գումար ծախսել ռեսպիրատորների, համաճարակային վահանների, ջերմաչափման սարքի և այլ սարքավորումների վրա: Որոշ կլինիկաներ այդպիսի ծախսերը ներառել են առանձին սակագներում: Արդեն կան դեպքեր, երբ կլինիկան հաճախորդներից պահանջում է վճարել 20 լարի (6 դոլար) միայն բուժհանդերձանքի համար: Յուրաքանչյուր բժշկական հաստատություն ինքնուրույն է կայացնում ֆինանսական որոշումները:
Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև մայիսի 22-ն արգելված է ատամնաբուժական պլանային ծառայությունը:
Սահմանված հանձնարարականների համաձայն, հաստատությունը պետք է հագեցած լինի բնական կամ արհեստական օդափոխման համակարգով, գրանցման վայրում պետք է լինի ապակե վահան: Ատամնաբուժական աթոռների միջև պետք է լինի չորս մետր հեռավորություն: Կլինիկայում պետք է լինի վարակների կանխարգելման և վերահսկման համար պատասխանատու անձ, բուժանձնակազմը պետք է ունենա անհատական պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ N95 ռեսպիրատորներ կամ առավել բարձր մակարդակի պաշտպանության բժշկական դիմակներ: