Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար է գտնվել: Խաչքարը հայտնաբերվել է գյուղի վերջնամասում, դեպի Զակ տանող ճանապարհին, երկու 14 տարեկան աղջիկների կողմից: Այն այսօր` մայիսի 19-ին տեղի բնակիչները՝ Սամցխե-Ջավախքի ՀԱԵ-ի փոխանորդության ներկայացուցիչների գլխավարությամբ, տեղափոխել են գյուղի եկեղեցու բակ:

Ապրիլի 17-ին Բալխո գյուղում երկու աղջիկ, որոնք ճանապարհի մոտ քարերի ֆոնին սելֆի են արել, քարի երկայնքով տեսել են փորագրված 2 գիծ, որոնք նման էին խաչի: Նկատելով խաչքարն անմիջապես տեղեկացրել են իրենց ծնողներին: Այնուհետև ծնողների հետ միասին խաչքարը զգուշությամբ դուրս են բերել հողի տակից և կանգնեցրել: Պարզվել է, որ սա ոչ թե սովորական քար է, այլ խաչքար: Ձևը կլորավուն, որի վրա փորագրված է խաչը, բացի խաչից, կա նաև շրջան, բայց թվեր կամ տառեր չկան:

Ըստ Բալխո գյուղի բնակիչների, խաչքարի մասին Jnews.ge-ի նյութից հետո, Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները հետաքրքրվել են խաչքարով:

xachkar2

Մինչ օրս խաչքարը կանգնեցված էր այնտեղ, որտեղից գտել էին՝ շրջանի մյուս գյուղեր տանող ճանապարհին: Այսօր Բալխո գյուղի հավաքված բնակիչները Սամցխե-Ջավախքի ՀԱԵ առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի գլխավորությամբ՝ որոշեցին այն տեղափոխել եկեղեցու բակ, որպեսզի պատահականորեն չվնասեն պատմական հուշարձանը, քանի որ խաչքարը գտնվում էր անմիջապես ճամփեզրին: Խաչքար-տապանաքարն իր տեղը գտավ Բալխոյի նոր եկեղեցու բակում, իսկ մոտակայքում կան նաև այլ խաչքարեր:

xachkar3

xachkar4

Բալխո հեռավոր գյուղն ունի երկու գերեզմանատուն՝ հին և նոր: Այստեղ են նաև նոր եկեղեցին և հին եկեղեցու ավերակները:

xachkar1

Հին եկեղեցու ավերակները և գերեզմանատունը, որտեղ գտնվում են հին գերեզմանաքարերը (տապանաքարները), գտնվում են հենց մոտակայքում և շատ հեռու այն վայրից, որտեղ գտնվել էր խաչքարը: Հայտնաբերման վայրն աննկատելի է, չնայած տեղացիները պնդում են, որ տարբեր ժամանակներում այդտեղ գտել են կենդանիների ոսկրեր, հին պարագաներ…

xachkar5

Jnews-ը գտնված խաչքարի նկարներն ուղարկել է մասնագետներին: Ասել, թե որ դարին է պատկանում այս հուշարձանը՝ շատ դժվար է, հենց մասնագետները փորձագիտական եզրակացություն տան մենք կներկայացնենք մեր ընթերցողին: