Վրաստանում ավարտին է մոտենում 8-րդ շաբաթը կորոնավիրուսի ներքին փոխանցման մեկնարկից հետո, և կարելի է փաստել, որ երկրում նոր վարակակիրների թիվն օրեցօր նվազում է, և համաճարակն անկում է ապրում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտության մասին հարցին, Գամղրելիձեն պատասխանել է, որ որոշումը կկայացնի երկրի բարձրագույն ղեկավարությունը:

«Մենք կարող ենք ասել, որ համաճարակն անկման միտում ունի, բայց դա չպետք է թուլացնի մեզ: Սա չպետք է պատրանք ստեղծի, որ Վրաստանում հաղթել են COVID-19-ին, որովհետև, եթե այդպիսի պատրանք ստեղծվի և մարդիկ դադարեն հետևել առողջապահական կազմակերպության խորհուրդներին՝ սոցիալական հեռավորություն, հիգիենա և շատ ավելին, վարակը կարող է վերադառնալ», – ասել է Գամղրելիձեն:

Նրա խոսքով, գիտնականների մեծ մասի կանխատեսումների համաձայն, ամենայն հավանականությամբ, ամռանն ավելի հանդարտ ժամանակաշրջան կլինի, բայց դա առիթ չի տալիս ինքնահանգստացման: