Վրաստանում առաջին անգամ օգտագործել են COVID-19-ով արդեն հիվանդացած մարդկանց արյունը՝ կորոնավիրուսային վարակի ծանր ձևով հիվանդին բուժելու համար: Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի (Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոց) տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն պատմել է պլազմաֆերեզի մեթոդի կիրառման մասին:
Pլազմաֆերեզի մեթոդի էությունը կայանում է նրանում, որ վարակակիրներին փոխներարկում են պլազման (արյան թափանցիկ և հեղուկ մասը)` այն պացիենտներից, ովքեր կարողացել են հաղթահարել կորոնավիրուսը և ձևավորել դիմադրողականություն այս հիվանդության նկատմամբ: ԱՄՆ հռչակավոր FDA «Պարենի և դեղերի վարչությունը» ապրիլի սկզբին թույլտվություն է տվել ընթացակարգը որոշակի դեպքերում կիրառելու առումով:
Ըստ Ցերցվաձեի, COVID-19-ով վարակված 60-ամյա մի տղամարդ իրենց կենտրոնում անցել է պլազմաֆերեզի կուրս: Ապրիլի 1-ին հիվանդանոց ընդունվելուց հետո հիվանդի մոտ նկատվել է տենդ, ուժեղ թուլություն, հազ, շնչառական անբավարարություն: Նրա մոտ ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ: Հիվանդին նշանակվել է հիդրօքսիքլորոքվին (Plaquenil), հակաբիոտիկներ, Fraxiparin և այլ դեղամիջոցներ:
«Բուժման ընթացքի կարճատև բարելավումից հետո հիվանդի վիճակը նորից վատացել է: Նա կրկին ջերմություն ուներ, շնչառական անբավարարություն և այլն», – հայտնել է Ցերցվաձեն:
Արյան և խորխի բակտերիոլոգիական ուսումնասիրության տվյալների հիման վրա բժիշկները եկել են այն եզրակացության, որ հիվանդի վիճակի վատթարացման պատճառը դարձել է հիպերցիտոկինեմիան կամ «ցիտոկինային փոթորիկը»: Սա իմունային համակարգի ռեակցիան է, որի արդյունքում մարդու մարմնում սկսվում է հյուսվածքների ոչնչացումը: Հիպերցիտոկինեմիան համարվում է COVID-19-ի հիմնական մահաբեր բարդություններից մեկը:
Հոսպիտալացումից երկու շաբաթ անց՝ ապրիլի 13-ին, ինֆեկցիոն հիվանդանոցի 60-ամյա պացիենտին անց է կացվել պլազմաֆերեզիայի առաջին սեանսը:
«Աջ Ulnar երակային ճանապարհով հիվանդից հանվել է մինչև երկու լիտր կանաչավուն պլազմա: Փոխարինումը տեղի է ունեցել թարմ սառեցված պլազմայով և ալբումինի բավարար քանակով: Հիվանդի վիճակը համեմատաբար բարելավվել է ինչպես կլինիկապես, այնպես էլ լաբորատոր ցուցումների առումով», – պատմել է Ցերցվաձեն:
Բժիշկները որոշեցին շարունակել պլազմաֆերեզի կուրսը, մինչև հիվանդի ամբողջովին նորմալացումը: Կուրսի երկրորդ սեանսն անցկացվեց ապրիլի 18-ին: Արդեն ապրիլի 26-ին տղամարդու մոտ բացարձակապես կորոնավիրուսի ոչ մի ախտանիշ չկար: Մայիսի 1-ին և 2-ին նա կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել, որոնք չեն հայտնաբերել SARS-COV-2-ի առկայությունը նրա օրգանիզմում: Դրանից անմիջապես հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից:
«Այս դեպքը հետաքրքիր է նրանով, որ պլազմաֆերեզն առաջին անգամ է օգտագործվել Վրաստանում` COVID-19 հիվանդով պացիենտին բուժելու համար, և այս դեպքը ցույց տվեց, որ պլազմաֆերեզը կարող է օգտակար լինել COVID-19-ով ծանր հիվանդների բուժմանը: Այնուամենայնիվ, դրա օգտագործումը պետք է անպայման տեղի ունենա խիստ ցուցումների և հակացուցումների պահպանմամբ», – հայտնել է Ցերցվաձեն:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին: Ըստ պաշտոնական տվյալների, մայիսի 7-ի 22:00 դրությամբ, COVID-19-ը հաստատվել է 615 մարդու մոտ: Բուժվել է 275 մարդ, 9 հոգի մահացել է: