Մկոյանների ընտանիքի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին «Մթավարի» լրատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ցուցադրել է մարտի 26-ին Ախալքալաքում խորհրդարանում նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի և ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգության տեսագրությունը՝ բացատրելով իրավիճակը դանդաղեցված կադրերում, ինչպես նաև հայտարարել է, որ համաձայն չէ Սամվել Պետրոսյանին դատախազության առաջադրած մեղադրանքի հետ և պահանջում է այն փոփոխել:
«Մենք համաձայն չենք Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի հետ: Մասնավորապես, նրան պետք է մեղադրանք առաջադրվեր 19-րդ, 108-րդ հոդվածների համաձայն, ինչը նշանակում է դիտավորյալ մահափորձ: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Պետրոսյանը նշան բռնել և կրակ արձակել Հենզել Մկոյանի ուղղությամբ: Այն էլ մի քանի անգամ: Սա խուլիգանություն չէ: Սա դիտավորյալ սպանության փորձ է: Եթե մենք խորանանք, ապա սա ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ է», – պարզաբանել է փաստաբանը:
Տարիել Մուրմանիշվիլին, ցույց տալով դանդաղեցված կադրերը, պատմել է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 26-ին, ասելով, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սամվել Պետրոսյանը լեզվակռիվ է ունեցել 19-ամյա Արմեն Մկոյանի հետ, որից հետո հաշիվ են մաքրել երիտասարդ Մկոյանները և Պետրոսյանի որդին` Գևորգը: Այնուհետև նա ցույց է տվել, թե ինչպես է Պետրոսյանը կրակ արձակում Մկոյանի ուղղությամբ, նախքան վերջինս սկսում է կրակել:
Ինչ վերաբերում է կադրերին այն պահից, երբ կրակում է Արմեն Մկոյանը, ապա Տարիել Մուրմանիշվիլին ցույց է տվել նույն կադրերը, որոնք տարածել էր «Օբյեկտիվի» հեռուստաընկերությունը, ուղղակի մի փոքր ավելի երկար, այսինքն՝ Մկոյանի փաստաբանի կողմից ցուցադրած կադրը սկսվում է մի քանի վայրկյան շուտ, քան «Օբյեկտիվի» հեռուստաընկերության ցուցադրած նույն կադրը: Մկոյանի փատաբանը նաև հայտարարել է, որ ճիշտ է կադրում թվում է թե Արմեն Մկոյանը կրակում է, բայց նրա ձեռքերում եղած ձայնային զենքը չէր կարող կրակ արձակել, ինչը հաստատվել է փորձաքննությամբ:
Հարկ է նշել, որ Պետրոսյանի փաստաբան Դավիթ Ձնելաձեն պնդում է, որ գործում շրջանառվում է 4 զենք, սակայն հանցագործության վայրում հայտնաբերված որոշ փամփուշտներ չեն համապատասխանում այս 4 զենքերից որևէ մեկին: Նա նաև պնդում է, որ «Opel» մակնիշի մեքենայի բեռնախցիկից հանված փամփուշտը (միջադեպի ընթացքում, ըստ երևույթին, անցնում էր), արձակվել է հենց այն վայրից, որտեղից կրակ է արձակել Արմեն Մկոյանը:
Նշենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:
Երկու մեղադրյալների նկատմամբ էլ Ախալցիխեի դատարանը որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը:
Դրանից հետո, ինչպես Պետրոսյանը, այնպես էլ Մկոյանը դժգոհություն են հայտնել քննության ընթացքի վերաբերյալ:
Պետրոսյանի կողմը պնդում է, որ Մկոյանը չպետք է գործի մեջ ներգրավվի որպես վկա, այլ որպես կողմ, քանի որ կրակել է Պետրոսյանի վրա:
Նմանատիպ հայտարարություններով հանդես է եկել՝ ինչպես «Միասնական ազգային շարժում», այնպես էլ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունները:
Իր հերթին, Հենզել Մկոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Պետրոսյանին չեն դատում այն բանի համար, ինչը իրականում նա կատարել է, և որ նրան պետք է դատապարտեն «սպանության փորձի» համար: Մկոյանին սատարել է նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն՝ ասելով, որ Մկոյանը պաշտպանել է իրեն և որևէ հիմք չկա նրան պատասխանատվության ենթարկելու:
Արդյունքում՝ խուլիգանության և զենքի օգտագործման գործով դատավարությունը շարունակվում է, մինչև հիմա անցկացվել է միայն խափանման միջոց ընտրելու դատական նիստը:
Մինչդեռ, Ախալքալաքում մեղադրյալներին աջակցելու համար ստորագրահավաք է ընթանում:
Պետրոսյան vs Մկոյան. Փոխհրաձգությունից մինչև ստորագրահավաքի պայքար
Ստորագրահավաք՝ Հենզել Մկոյանին պատգամավորական մանդատից զրկելու համար