Արդեն մի քանի օր է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդու՝ Արմեն Մկոյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու, ինչպես նաև Ախալքալաքի սակրեբուլոի ներկա և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին ազատ արձակելու համար Ախալքալաքի շրջանում ստորագրահավք է կատարվում։
Սամվել Պետրոսյանը և Արմեն Մկոյանը մեղադրվում են խուլիգանության և հրազենի անօրինական օգտագործման մեջ: Քննությամբ հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաք քաղաքում Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Gold» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակոցներ են արձակվել: Սույն թվականի մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քաղաքում և մի շարք գյուղերում, երկու տարբեր ստորագրահավաք է անցկացվում։ Սակայն յուրաքանչյուրի դեպքում էլ պատահական մարդկանց չեն առաջարկում ստորագրել: Մի գյուղում երկու ստորագրահավաքի համար մոտեցել են տարբեր մարդկանց:
Չամդուրայի բնակիչն ասում է, որ գյուղապետն է խնդրել երիտասարդներին ստորագրել, որպեսզի դիմեն Արմեն Մկոյանի խափանման միջոցը փոխելու համար: Այդ ստորագրահավաքի տեքստի նկարներից ելնելով, նամակն ուղղված է Ախալքալաքի շրջանային դատախազությանը և Ախալցիխեի դատարանին՝ Ախալքալաքի բնակչության անունից:
«Արմեն Մկոյանը դպրոցի աշակերտ է, նա առանձնանում է օրինակելի վարքով, երբեք չի խախտում դպրոցի ներքին կարգուկանոնը, ինչպես նաև գերազանց է սովորում, ինչի պատճառով անցյալ տարի, որպես գերազանցիկ աշակերտ նրան մրցաանակ է շնորհվել՝ համակարգիչ: Մենք գտնում ենք, որ 19-ամյա պատանուն փակ տեսակի բանտում գտնվելը կվատթարացնի նրա առողջական վիճակը, դրան կավելանա այն, որ նրա մոտ դեռ չի ձևավորվել կայուն հոգեբանություն, մեկուսացում, բանտարկություն, փակ տարածք, ընտանիքից, դպրոցից, ծանոթ միջավայրից, ընկերներից բաժանվելը բացասաբար կանդրադառնա նրա հոգեկան վիճակի վրա և այլն․․․», – ասվում է նամակում։
Նամակի տակ ստորագրել են Արմեն Մկոյանի համադասարանցիները, նրանց դրա համար դպրոց է կանչել դասղեկը: Որոշ գյուղերում, բնակիչների խոսքերով գյուղապետները մոտեցել են պետական մարմիններում աշխատողների և ասել, որ նրանք պետք է ստորագրեն:
Այս հարցը փորձեցինք ճշտել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանից, քանի որ մարդիկ որոնց բնակիչները կոչում են գյուղապետ իրականում այսօր քաղաքապետի ներկայացուցիչներն են գյուղերում։
«Գյուղապետները չեն անցկացնում, ինչքանով, որ ես տեղյակ եմ երևի պատգամավորներն են, իրենց ակտիվիստները։ Դա մեծ բան չէ, ուղղակի ինչպես Պետրոսյանի տղան է հավաքել, նույն ձև էլ իրենք, գրում են որ 19 տարեկան տղա է, դպրոցական է, հավաքում են, որ եթե հնարավոր է, բաց թողնեն, դուրս կարողանա գալ, դպրոցն ավարտի, խափանման միջոցը փոխվի», – նշեց Յուրիկ Ունանյանը։
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի խոսքերով, իր եղբորորդու՝ Արմեն Մկոյանի համար ստորագրահավաքը նախաձեռնել են նրա դասարանցիները։
«Այսօր բանտ է նստել դպրոցական տղա, ստորագրավաքի հեղինակը եղել են նրա դասընկերները, ովքեր երկու դասարան գնացել են դպրոցի տնօրենի մոտ և ասել, որ իրենք առանց Արմենի ոչ վերջին զանգի արարողություն կանեն, ոչ էլ ատեստատ կվերցնեն, ու սկսել են ստորագրահավաք անել: Տեսնելով, որ դասարանցիները այդպիսի բան են անում, ժողովրդի մոտ նույնպես իրենց ցանկությամբ ստորագրահավաք է ընթացել։ Մյուս առիթը եղել է այն, որ Պետրոսյան Սամվելենք արդեն 10 օր է գյուղերում ստորագրություն են հավաքում, որ իրեն բանտից ազատ արձակեն, մեզ զանգել են Իխտիլայից, Ալաստանից, Բալխոից, Կորխից, Թոթխամից, Բավրայից և ասել, որ այդ մարդիկ ստորագրություն են հավաքում, մենք ուշադրություն չենք դարձրել», – ասաց Հենզել Մկոյանը։
Ինչ վերաբերում է գյուղերում գյուղապետների ստորագրահավաքին մասնակցելուն, Մկոյանը պատասխանեց հետևյալ կերպ.
«Ես երեկ այդ մասին էլի եմ լսել, զանգել եմ նաև Նինոծմինդայի քաղաքապետին և ասել, որ ոչ մի պետական աշխատող այդ գործին հանկարծ չխառնվի։ Ինչ վերաբերում է պատգամավորներին, ես տեղյակ չեմ, քանի որ նրանք ընտրովի մարդիկ են, և իրենք են որոշում ինչ անեն», – հավելեց Մկոյանը։
Թե կոնկրետ ի՞նչ ստորագրահավաք է ընթանում Սամվել Պետրոսյանի աջակցության համար մինչև հիմա հստակ չէ: Նրա կողմնակիցներից մեկը, ով համաձայնեց մեկնաբանել, բայց առանց անունը նշելու, ասում է, որ ստորագրահավաքը կազմակերպել են ոչ թե բարեկամները և կողմնակիցները, այլ ժողովուրդը:
«Մենք տեղյակ ենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը հանձնարարություն է կատարում և Մկոյանի եղբորորդուն ազատելու համար ստորագրություններ է հավաքում պետական աշխատողներից ամբողջությամբ, ինչպիսիք են գյուղապետեր, դպրոցի տնօրեններ։ Իսկ մենք հույս ունենք, որ հետաքննությունը ճիշտ կընթանա և Պետրոսյանի անմեղությունը կապացուցվի և ամբողջ աշխարհը կտեսնի, որ նա մեղավոր չէ, նա պաշտպանվել է, նրա վրա հարձակվել են և փորձել սպանել։ Մենք ոչինչ չենք ձեռնարկել, սակայն տեղյակ ենք, որ ժողովուրդը ստորագրություն է հավաքում, որպեսզի խորհրադարանը նույնպես միջամտի, որ նա (Խմբ. Հենզել Մկոյանը) իր պատգամավորական դիրքը չօգտագործի և չճնշի իրավապահ մարմիններին, որ քննությունն օբյեկտիվ վարեն։ Նրանք, եթե այդքան բանը գրում են, թող ճիշտը գրեն, որ 8 ամիս առաջ այդ տղայի հանդեպ էլի քրեական գործ է բացվել, ու այդ գործը կողքի էր դրված», – ասում է նա։
Սամվել Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքի տեքստը մենք չկարողացանք գտնել: Մարդիկ, ում դիմել են ստորագրության համար իրենք ևս տեքստ չեն տեսել, և պարզ չէ, թե վերջնական տեքստը պատրաստ է, թե՝ ոչ: Ըստ մեր տեղեկությունների սկզբնական շրջանում Պետրոսյանի կողմնակիցները ստորագրահավաքը սկսել են Հենզել Մկոյանի դեմ, նրան պատգամավորական մանդատից զրկելու նպատակով, սակայն, այնուհետև մտափոխվել են և որոշել, որ ստորագրահավաքը կատարվի Պետրոսյանին բանտից ազատելու համար։
Այն հարցին, թե տեղյակ է արդյո՞ք, ինչ ստորագրահավաք են կատարում Պետրոսյանի աջակիցները Մկոյանն ասաց հետևյալը՝
«Նա կրակում է իմ վրա, և ես ինքնապաշտպանվելու համար իրավունք ունեմ զենք օգտագործելու։ Ժողովուրդն էլ գիտի, որ ինքն է կրակել, սկզբից իր տղան է հանել զենքը, հետո ինքը։ Նա ցանկանում էր ինձ սպանել։ Շնորհակալ ենք Աստծուն, որ այդտեղ եղած մարդկանցից ոչ մեկին չկպավ նրա կրակոցներից։ Իսկ ինչ հավաքում ու գրում են, թող գրեն, գոյություն ունի դատարան, քննություն, նրանք կվորոշեն ով է մեղավոր, ով ոչ», – ասաց Հենզել Մկոյանը։
Նշենք, որ մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն: