Այսօր, ապրիլի 19-ին նախնական կալանքի մեջ գտնվող Սամվել Պետրոսյանի կողմնակիցները Jnews-ի խմբագրություն են ուղարկել իրենց կողմից իրականացվող ստորագրահավաքի տեքստը: Ստորագրահավաքի նախաձեռնողները դիմում են Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին, որպեսզի Հենզել Մկոյանը վայր դնի պատգամավորական մանդատը և չխոչընդոտի հետաքննության ընթացքին:

Jnews-ն ավելի վաղ գրել էր, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդու՝ Արմեն Մկոյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու, ինչպես նաև Ախալքալաքի սակրեբուլոյի ներկա և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին ազատ արձակելու համար Ախալքալաքի շրջանում ստորագրահավաք է կատարվում։

Սամվել Պետրոսյանը և Արմեն Մկոյանը մեղադրվում են խուլիգանության և հրազենի անօրինական օգտագործման մեջ: Քննությամբ հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաք քաղաքում Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Gold» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակոցներ են արձակվել: Սույն թվականի մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վրաստանի խորհրդարանի նախագահին ուղղված դիմում-խնդրանքում մասնավորապես նշված է.

«Մենք ներքոստորոգրյալներս դիմում ենք Ձեզ, խնդրելով ուսումնասիրել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում առկա ծանր վիճակը, որը մեծ մասամբ կապված է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նրա մերձավոր շրջապատի գործողությունների հետ: Այս տարիների ընթացքում մենք համբերել ենք Հենզել Մկոյանի և նրա մերձավոր շրջապատի գործողությունները, սակայն Մկոյանը և նրա ընտանիքի անդամները 2020 թվականի մարտի 26-ի արարքներն անցան բոլոր սահմանները: Օրը ցերեկով հարձակվել են քաղաքացիների և նրանց ունեցվածքի վրա, և փողոցում, որտեղ բազում մարդիկ են եղել, զենքից կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ: Հենզել Մկոյանը հաշվի չի առել մեր երկրում առկա արտակարգ դրությունը և դեպքի վայրում հավաքել է մի շարք պետական ծառայողների, այդ թվում՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցների:

Բացի այդ, մեզ, որպես տեղի բնակիչների, հայտնի է, որ Հենզել Մկոյանին մեղադրում են այլ մարդկանց ահաբեկելու մեջ, մասնավորապես, Ռոբերտ Ջաղացպանյանին (ՆԳՆ նախկին ոստիկանապետ Նինոծմինդայի ոստիկանության), Վոլոդյա Ստամբոլցյանին (Նինոծմինդայի շրջանային խորհրդի նախկին նախագահ), Նարինե Գինոսյանին (ոչ առևտրային կազմակերպության ղեկավար) և այլոց: Ինչպես նաև Հենզել Մկոյանի շահերը հատվում են գրեթե բոլոր պետական գնումներում (տենդերներում) և նրա ընտանիքի գործարար ակտիվությունը ներառում է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: Հենզել Մկոյանն այն աստիճանի է հասել, որ ինքն իրեն զգում է տեղական ֆեոդալ և տեր ու տիրական, որն ավելի է բարդացնում մեր առանց այն էլ ծանր կացությունը:

Վերոգրյալի կապակցությամբ, խնդրում ենք, ուսումնասիրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նրա մերձավոր շրջապատի մասին մեր տրամադրած տեղեկությունը համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Ինչպես նաև խնդրում ենք, որպեսզի Հենզել Մկոյանը վայր դնի խորհրդարանի պատգամավորի մանդատը, որպեսզի նա չխոչընդոտի համապատասխան մարմիններին հետաքնությունը լիարժեք ավարտին հասցնելու մեջ»:

Ըստ Սամվել Պետրոսյանի կողմնակիցների, ովքեր նախաձեռնել են այս ստորագրահավաքը, այս օրերին այն դադարեցված է, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից: Իսկ թե մինչև հիմա քանի ստորագրություն է հավաքվել, անհայտ է:

Հիշեցնենք, որ Ախալքալաքում մարտի 26-ի, ժամը 15:28-ից հետո, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն: