Այսօր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցում լրագրողը հարցրեց այն մասին, թե պատրաստվում են արդյո՞ք Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և մանդատից, քանի որ կադրեր կան, որտեղ պատգամավորը կրակում է մարդկանց ուղղությամբ:

Մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:28-ից հետո, «Գոլդ» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել ընդհարում Պետրոսյանի և Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ է տևել և արագ ավարտվել:

Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել են և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Արդյունքում ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեջ:

«Մթավարի» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Մկոյանին պատասխանատվության չեն ենթարկում, ինչու՞ նրան չեն զրկում պատգամավորի անձեռնմխելիությունից, Կոբախիձեն պատասխանել է, որ Մկոյանը կրակել է ի պաշտպանություն Սամվել Պետրոսյանի հարձակման, և նրան պատասխանատվության ենթարկելու պատճառ չկա:

«Կա մի տեսագրություն, որը ցույց է տալիս իրավիճակը այն կոնկրետ վայրում, որտեղ տեղի է ունեցել կոնֆլիկտը: Կադրերում հստակ երևում է, որ Սամվել Պետրոսյանը կրակ է արձակում պետական քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանի ուղղությամբ, իսկ Հենզել Մկոյանը պատասխան կրակ է արձակում ի պաշտպանություն իրեն: Սա երևում է դեպքի վայրից վերցված կադրերից, իսկ մնացածը պետք է հաստատի դատարանը», – ասել է Կոբախիձեն:

«Եթե ես կրակեի Ձեր վրա, իսկ Դուք պատասխան կրակ արձակեիք, ոչ ոք չպետք է Ձեզ ձերբակալեր», – ասել է Կոբախիձեն լրագրողին:

Հարկ է նշել, որ այսօր՝ ապրիլի 2-ին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է դիմել երկրի գլխավոր դատախազություն, ինչպես նաև ՆԳՆ, քանի որ կարծում է, որ կրակոցի առնչությամբ Հենզել Մկոյանն անպայման պետք է պատասխանատվության ենթարկվի: