Վրաստանում ալյուր մատակարարող «Բեվրիլի Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել 18 հազար տոննա հացահատիկ: Այս մասին ասված է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Ըստ վարչակազմի տվյալների, առաջին 6 հազար տոննա հացահատիկն արդեն ժամանել է Փոթիի նավահանգիստ, մոտ ապագայում կժամանի ևս 12 հազար տոննա:
«Սա առաջատար ընկերություն է, որն ալյուրով և հացով է ապահովում ոչ միայն մեր տարածաշրջանը, այլև Վրաստանի մեծ մասը: Նա ուներ հացահատիկի պաշարներ, բացի այդ, նա ձեռք էր բերել ևս 18 հազար տոննա: Այսպիսով, երկրում հացի և ալյուրի պակասը բացառված է», – հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Մոցերելիան:
Նրա խոսքով՝ հացահատիկը ձեռք է բերվել սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում:
Ընկերություններին օգնելու համար՝ կապված հացահատիկի գների կտրուկ բարձրացման հետ, ինչպես նաև հացի գնի թանկացումից խուսափելու համար, Վրաստանի կառավարությունը հաստատել էր սուբսիդավորման ծրագիր ցորենի և առաջին կարգի ալյուրի համար:
Սուբսիդավորումը կտրամադրվի այն ընկերություններին, որոնք պարտավորվում են երեք ամսվա ընթացքում պահպանել առաջին կարգի մեկ տոպրակ ալյուրի գինը 51 լարիի մակարդակում:
Ընդհանուր առմամբ, իշխանությունները մտադիր են սուբսիդավորել 40 հազար տոննա ցորենի ներմուծումը: Իշխանությունները ծրագրում են 5,2 միլիոն լարի (մոտ 1,7 միլիոն դոլար) ծախսել ծրագրի իրականացման համար:
Ծրագրի պայմանների համաձայն, ներմուծողը, որը 2-ից 40 հազար տոննա ցորեն կներմուծի Վրաստան, պետությունից սուբսիդավորում կստանա մեկ տոննայի դիմաց 40 ԱՄՆ դոլարին համարժեք լարիի չափով: