Կորոնավիրուսային վարակի տարածման տեսանկյունից Վրաստանը մտնում է ամենակարևոր շաբաթները, և այս առումով անհրաժեշտ է առավելագույն մոբիլիզացիա: Այսպես է գտնում Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Համաճարակաբանի խոսքերով, մյուս երկրների փորձը վկայում է, որ վարակի ներքին տարածման պահից 6-րդ շաբաթն ամենակարևորն է: Եվ հենց այս ընթացքում է անհրաժեշտ առավելագույնս հետևել Առողջապահության նախարարության բոլոր խորհուրդներին:
Գամղրելիձեն ընդգծել է, որ երկրում արտակարգ դրության մեղմացման հետ մեկտեղ կավելանա ամենօրյա անցկացվող թեստավորումների քանակը: Նրա խոսքերով, մինչև մայիսի 15-ը պլանավորվում է օրական COVID-19 վարակի 1500-ից 1700 հետազոտություն անցկացնել, իսկ ամսի 15-ից` 2000-ից մինչև 2 500 հետազոտություն:
«Երբ մեղմանում է սահմանափակող միջոցները, անհրաժեշտ է, որ PCR-հետազոտության շրջանակն ընդլայնվի և ավելի հասանելի լինի: Մյուս կողմից պարտադիր է հիվանդանոցային համակարգի և առաջնային բուժօգնության ամբողջական պատրաստվածությունը: Երկրն այժմ հենց այս ուղղությամբ է ընթանում: Կարծում եմ, որ պետության և հասարակության կողմից մինչ այժմ ձեռնարկված միջոցները մեզ տվել են այն, որ Վրաստանում վարակը դեռ թույլ է տարածվում, այսինքն՝ թռիչքային մեծ աճ չկա», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: