Մեր նյութի հերոսուհու տան դիմաց բացվում է մի շատ գեղեցիկ տեսարան՝ Օրջայի Հազմարը, որին շատ մեծ նշանակություն են տալիս գյուղի բնակիչները, իսկ Ժանետա Մկոյանի համար արդեն տարիներ է ինչ այդ նշանակությունը կորցրել է իմաստը։ Որդեկորույս, միայնակ կինն ապրում է սոցիալական բարդ պայմաններում:

hazmar

Արդեն 5 տարի է միայնակ է ապրում 75-ամյա Ժանետա Մկոյանը։ Նրա երկու որդիներն ու ամուսինն անժամանակ հեռացել են այս կյանքից։ Մեծ ու դատարկ տան մեջ նրա միակ ընկերը կատուն է։

Միայնակ կինը առողջական խնդիրներ ունի, ոտքերը ցավում են, չի կարողանում նորմալ տեղաշարժվել, ինչն էլ էլ ավելի է բարդացնում նրա առանց այն էլ բարդացած կյանքը։

«Գլխավորը ջուր չունեմ, գյուղի երեխաներն են բերում, կամ ես եմ դուրս գալիս ում տեսնում եմ, նրան էլ խնդրում եմ, որ մի դույլ ջուր բերեն։ Ինձ ասացին, որ քաղաքապետարանից 800 լարի դուրս են գրել այդ հարցը լուծելու համար, սակայն դեռ ոչ մի նորություն չկա։ Գոնե ջուր ունենամ, չեմ կարողանում քայլել»,- ասում է Ժանետա Մկոյանը

jrer

Ջուրն ամաններով է հավաքում, ամաչում է, նեղվում ամեն անգամ հարևաններին կամ անցորդներին խնդրելուց:

Jnews-ը այս խնդրով դիմեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին։

«Ես չգիտեի, որ այդպիսի խնդիր ունի, իհարկե փորձել ենք շատ հարցերում օգնել, այս հարցում նույնպես կօգնենք, նա մեզ այդ խնդրին մասին չէր ասել, կարող է ուրիշ տեղ է դիմել, որովհետև, եթե մեզ դիմած լիներ, մենք ինչ խոստանում ենք, անում ենք: Հիմա պետք է դիմում ներկայացնի, որպեսզի մենք նախագիծ կազմենք, դա մեկ օրվա գործ չէ, կփորձենք արագ ձևով արձագանքել։ Եթե դիմում գրի, ապա մարդ կուղարկեմ, որ չափեն, հաշվարկեն, տարածքն ինչքան է»,- ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Բնական գազ ունի, կառավարությունը նրան օգնել է, գազի վառարան էլ են նվիրել ու տեղադրել։ Սակայն ձմռանը փայտ է վառում, քանի որ այդպես ավելի էժան է նստում։ Նախկինում Ժանետա տատը կենսաթոշակից բացի նաև միայնակության թոշակ էր ստանում, սակայն արդեն 6 ամիս է դա էլ չի ստանում։ Եկել են, հաշվել սոցիալական բալերն ու կտրել:

«Երկու հոգի եկան, չգիտեմ ինչ գրեցին, ինչ արեցին, դրանից հետո էլ չեմ ստանում։ Ասացի մեր գյուղապետին, որ չեմ ստանում, նա էլ ասաց, որ արդեն դիմել է նրանց և խնդիրը կլուծվի։ Ասաց, որ այդ 6 ամիս չստացածս նույնպես կտան, հետո կգան նորից ստուգելու։ Հույսով սպասում եմ, տեսնենք ինչ կլինի»,- պատմում է նա։

Նրա համար յուրաքանչյուր կոպեկ շատ կարևոր է, թոշակից տնտեսած գումարը ծնողազուրկ թոռներին է ուղարկում։

«Ես որբ տղա ունեմ, նրանց եմ ուղարկում․․․ Ես ինձ համար ոչինչ չեմ անում, ես ամեն ինչից հիասթափվել եմ», – գլուխը խոնարհելով և արցունքները թաքցնելով մեզանից ասում է Ժանետա տատին։

Նա ծնվել և ապրել է Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղում, այնուհետև 2002 թվականին ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան և 14 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել է։ 2013 թվականին կյանքը նրան տվել է առաջին հարվածը, նա կորցրել է իր անդրանիկ որդուն, 45 տարեկան հասակում։ 2014 թվականին նա կորցնում է իր երկրորդ որդուն՝ 38 տարեկան հասակում, իսկ 2015 թվականին՝ ամուսնուն։ Կյանքը տիկին Ժանետայի համար իմաստազուրկ է, արցունքն աչքերին ապրում է թոռնիկների համար:

Առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ֆիզիկական աշխատանք անել։

«Ոչ կարտոֆիլ եմ կարողանում ցանել, ոչ հող մշակել, ոտքերս ահավոր ցավում է», – ասում է նա։

Ինչպես ինքն է ասում, օրվա կեսը անցնում է լացելով, անցյալը հիշելով, իսկ մյուս կեսը իրականությունը զգալով։ Անգամ հեռուստացույց չունի, որ կարողանա գիշերները նայել։ Տարեց հարևաններ ունի, մինչև երեկոյան ժամը 20:00-ն այնտեղ է նստում, որ գոնե մի քիչ ցրվի։

«Կյանքում ոչ մեկին վատություն չեմ արել, ինչո՞ւ Աստված իմ որդիներին տարավ», – ավելացնում է նա։

Ժանետա Մկոյանը 30 տարի գյուղի բուժքույրն է եղել, Օրջայում և հարակից գյուղերում պատվաստումներ է արել։

«Բոլորին լավություն էի անում, ինչու՞ ինձ հետ նման բան պատահեց: Միայնակ ապրելը դա անտանելի բան է, կարծես քարանձավի բնակիչ լինեմ», – ասում է նա, չկարողանալով զսպել արցունքները։

Գայանե Ակոջյան