Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները կարգավիճակ ստանալու համար պետք է երկարաժամկետ մոդուլ անցնեն, ինչպես նաև վրացերենի իմացության կուրսեր։

2021 թվականին ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները, ովքեր առարկայական և մասնագիտական իրավասության (ընդհանուր ունակություն) քննությունները հանձնել էին նվազագույնը 1 միավորով, 2022 թվականի հունվարի 1-ից բացառության կարգով ստացան ավագ ուսուցչի կարգավիճակ։

Սակայն հիմա ուսուցիչը կարգավիճակը բարձրացնելու համար պարտադիր պետք է որոշակի կուրսեր անցնի։

Ուսուցչի մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից Jnews-ին հայտնեցին հետևյալը՝

«Ամեն դեպքում ուսուցիչը պետք է երկարաժամկետ մոդուլ անցնի։ Օրինակ՝ եթե առարկայի քննությունից հավաքել է 10 միավոր, այս պահին գործող սխեմայի համաձայն՝ եթե ուսուցիչը կրթությունը ստացել է այլ երկրում, պետք է լեզվի կուրսը հաստատող սերտֆիկատ ունենա, կամ անցնի դասընթացները և երկարաժամկետ մուդուլը, եթե կրթությունը ստացել է Վրաստանում, ապա միայն երկարաժամյա մուդուլը»։

Ախալքալաքի շրջանի դպրոցների ուսուցիչների մեծամասնությունը մասնակցել է ուսուցիչի կարգավիճակի բարձրացման քննություններին, սակայն շատերը չեն կարողացել հաղթահարել անցողի շեմը և չեն կարողացել բարձրացնել կարգավիճակը:

Արդյո՞ք ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչների ևս մեկ հնարավորություն կտրվի բարձրացնելու ուսուցչի կարգավիճակը, դեռ անորոշ է։

Կրթության և գիտության նախարարությունն ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբեր նախագծեր, որոնցից մեկը պրակտիկոս ուսուցիչներին քննության միջոցով կարգավիճակ շնորհելն է։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից Jnews-ին հայտնեցին հետևյալը. «Եվս մեկ անգամ քննության հնարավորություն կտրվի ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին, թե՝ ոչ, դեռ անորոշ է, այդ հարցը քննարկվում է։ Վերջնական պատասխանը պարզ կլինի մոտակա ժամանակներում»։

2018 թվականին Ախալքալաքի շրջանում ավագ ուսուցչի կարգավիճակ ուներ ընդամենը 60 մանկավարժ, 2019-ին՝ 88, 2021-ին՝ 342, իսկ 2022-ին՝ 709 (Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ապրիլ ամսին JNEWS-ին տրամադրած տվյալների համաձայն):

Ընդգծենք, որ ուսուցիչների կարգավիճակ ստանալը ոչ միայն ապահովում է ուսուցչի մասնագիտական զարգացումը, այլ նաև հնարավորություն է տալիս ավելի բարձր վարձատրվելու: