Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ոստիկանությունն արտակարգ դրության 109 խախտում է արձանագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները ապրիլի 27-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 28-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 63 քաղաքացու է տուգանել:

Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար մեկ քաղաքացի է տուգանվել: Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 45 քաղաքացի:

ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: