Նինոծմինդա-Ծալկա ճանապարհով երթևեկությունը դեռ արգելվում է: Ճանապարհին մնացած 6 մարդկանց գտել են ու փրկել: Այս պահին ընթանում է 4 մեքենաների դուրս բերման աշխատանքը:

Վրաստանի Ներքին Գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, ձյան «թակարդում» հայտնված 6 մարդիկ հայտնաբերվել են: Մոտ մեկ ժամ առաջ նրանց ազատել են ձյան գերությունից, սակայն փրկարարներին դեռ չի հաջողվում դուրս բերել ավտոմեքենաները:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, երեկ գիշեր Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին մնացած 25 մարդու, և առավոտյան 20 մարդու ևս փրկել են:

Հիշեցնենք, որ Ախալքալաքից և Նինոծմինդայից Թբիլիսի տանող Ծալկայով ճանապարհը փակ է, ուժեղ ձյան ու քամու պատճառով: Խորհուրդ է տրվում չերթևեկել նշված ճանապարհով մինչև եղանակային պայմանները լավանան: