Վրաստանի և Հայաստանի սահմանին «Նինոծմինդա» նորացված անցակետն այսօր բացվել է, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Սահմանային անցակետում կան 11 ելքի ուղիներ, որոնք հագեցած են բեռնատարների, ուղևորատար և թեթև մարդատար ավտոմեքենաների մանրակրկիտ զննման ժամանակակից համակարգերով։

Գերատեսչության տվյալներով՝ այժմ «Նինոծմինդա» անցակետով երկու ուղղություններով մեկ օրում կկարողանան անցնել առնվազն 600 բեռնատար, մոտ 3000 մարդատար ավտոմեքենա և մինչև 8000 ուղևոր։

Վերը նշվածի հետ մեկտեղ, այսօրվանից անցակետում կաշխատեն մինչև 70 մաքսային ծառայողներ։

Սահմանային «Նինոծմինդա» անցակետի հիմնանորոգման շրջանակներում նորոգվել է 4000 քմ տարածք։ Երթևեկելի նոր գոտիների կառուցմանը զուգընթաց փոխվել են ստորգետնյա հաղորդակցությունները, կազմակերպվել է ջրահեռացման ցանցը և ավտոմեքենաների զննման մաքսաշենքը։

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, ով մասնակցել է նոր ենթակառուցվածքի բացման արարողությանը, նշել է նախագծի կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկրի տարանցիկ դերի ամրապնդման ուղղությամբ։

Խուցիշվիլիի հետ այսօր «Նինոծմինդա» սահմանային անցակետ են այցելել Վրաստանի ՆԳՆ-ի, Եկամուտների ծառայության, Քննչական ծառայության ղեկավարները և ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։