Հունիսի 5-ին տևական և հորդառատ անձրևների պատճառով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի 5 բնակելի տուն տարբեր չափերի վնաս է կրել: Հանձնաժողովն աշխատում է վնասը գնահատելու ուղղությամբ:
Մեծ Արագյալ գյուղի 5 ընտանիքներ հայտնվել են դժվարին կացության մեջ: Անձրևաջրերը հեղեղել են փողոցներն ու դաշտերը, լցվել բնակելի տներն ու անասնագոմերը:
Գառնիկ Զուռնաջյանի տունն ամենաշատն է տուժել ջրից: Երբ հորդառատ անձրև է սկսվել Գառնիկը տանը չի եղել, կինը զանգել, թե տունը ջրով է լցվում:
«Չգիտեմ ինչ ասեմ, տունը, անասնագոմն ամենուր ջուր էր: Պատկերացրեք նասոսով ջուրը ժամերով քաշում էին»,- պատմում է Գառնիկը:
Նա շնորհակալություն է հայտնում տեղական իշխանության ներկայացուցիչներին ցուցաբերած առաջին օգնության համար և միաժամանակ հույս է հայտնում, որ վնասը ինչ-որ չափով կփոխհատուցվի:
Զուռնաջյանի անասնագոմը ևս ջրով է լցվել: Նրանք ժամանակին հասցրել են կովերին ու խոզերին տեղափոխել ապահով վայր: Ճիշտ է, այսօր արդեն խոզերը լավ չեն ուտում ու լուծ ունեն, սակայն ոչ մի անասուն չի սատկել:
Սանոսյանների 5 հոգանոց ընտանիքն ապրում է Զուռնաջյանների հարևանությամբ: Նրանց տունը ևս հունիսի 5-ին հայտնվել է ջրի թիրախում: Այսօր արդեն ջրի հետևանքներն ակնհայտ են: Ամենուր խոնավություն է, գորգերից մինչև պահածոներ, ամենուր ջուրն իր հետքն է թողել:
«Այնպիսի արագությամբ ջուրը տուն լցվեց, որ չհասկացանք ինչ կատարվեց: Ամենուր ջուր էր, դեմն առնելն անհնար էր, եկան գրեցին, չափեցին հիմա սպասում ենք: Մի քանի ժամվա մեջ ամեն ինչ ավերվեց, հեղեղ էր, նման բան չէր եղել», – կիսալացակումած պատմում է Սվետա Սանոսյանը:
Տան տղամարդը տանը չէր, նա անասուններին էր տարել սարը: Սանոսյանների ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Որդին արտագնա աշխատանքի է, հայրը հովիվ, ամբողջ տարվա ալյուրի ու շաքարի պաշարը ջուրը լվացել տարել է, ջրից կարողացել են փրկել ալյուրի մի մասը:
Անձրևաջրերի հեղեղումից տուժած բնակիչները նշում են, որ ստեղծված իրավիճակի պատճառները մի քանիսն են՝ մի քանի ժամ անդադար տեղացած կարկուտն ու անձրևը, չմաքրված ջրամբարները և ասֆալտապատ ճանապարհի մակարդակը շատ ավելի բարձր է մարդկանց տներից և ջուրը հոսելու տեղ չի ունեցել:
Բնակիչների պնդմամբ բնական աղետից տուժել է 6-7 տուն, վնասի չափերը տարբեր են և այս պահին դեռևս նույնիսկ մոտավոր թվերը հայտնի չեն: Ջրհեղեղից տուժել են նաև տարբեր մշակաբույսեր: Սակայն նշում են, որ կարտոֆիլն ու որոշ մշակաբույսեր նորից կաճեն:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և տեղական իշխանության մի շարք աշխատակիցներ հունիսի 5-ին մինչև ուշ գիշեր եղել են դեպքի վայրում և գյուղից հեռացել են միայն այն ժամանակ, երբ բոլոր տուժածների տներից ջուրը նասոսներով քաշել են:
«Հատուկ հանձնաժողովն այժմ հաշվարկում է վնասի չափը: Նախօրոք չեմ կարող ասել ինչ չափի վնասի մասին է խոսքը: 5 տուժող ընտանիքներից առավել բարդ ու ծայրահեղ է երկուսի վիճակը»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Անիվարդ Մոսոսյանը:
Աղունիկ Այվազյան