Այս տարի չկայացավ ամենամյա ջահերով երթը, ապրիլի 23-ի երեկոյան «Ճանաչում, դատապարտում, հատուցում» վանկարկումների փոխարեն Ախալքալաքի բնակիչների մեծ մասը լուռ պահանջեց ճանաչել XX դարի Ցեղասպանություն` իրենց պատուհանագոգերին դնելով վառված մոմեր:

Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով՝ դեռ ապրիլի 18-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը, Վրաստանի Հայ օգնության միությունը, Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միությունը, Ջավախքի պատանեկան միությունը և Վրաստանում «Ջավախքին աջակցություն հիմնադրամը» հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով, ապրիլի 23-ին երեկոյան ժամը 21։00-ին միասնական կերպով յուրաքանչյուր ոք իր բնակարանի պատուհանին վառված մոմեր դներ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների:

Երեկ երեկոյան շատերը կատարել էին տվյալ կոչը, վառել էին մոմերը և դրել իրենց պատուհաններին՝ տեղադրելով լուսանկարները սոցիալական ցանցերում:

Այսօր՝ ապրիլի 24-ին, եկեղեցիներում կատարվել է դռնփակ Սուրբ Պատարագ։ Իսկ ժամը 12։00-ին ամբողջ աշխարհում ղողանջելու են Առաքելական մեր Սուրբ Եկեղեցիների զանգերը և կատարվելու է բարեխոսական կարգ։