Ախալքալաքի բնակիչ Օֆելյա Մուսիկյանն ահազանգում է, նա չի ընդգրկվել այն բաժանորդների ցանկում, որոնց ծախսերը մարում է կառավարությունը, քանի որ նա սպառում է ավելի քան 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ: Նրան նախազգուշացրել են, որ հոսանքը կանջատեն, բայց ոչինչ չի կարող անել, ընտանիքը չունի ոչ մի թեթրի եկամուտ, իսկ տանը 5 տարեկան երեխա կա:
Օֆելյա Մուսիկյանը տարակուսանքի մեջ դիմեց Jnews-ի խմբագրությանը՝ հարցով. «Ի՞նչ անել»:
«Ինձ զանգահարեց մեր թաղային էլեկտրիկն ու ասաց, որ իրեն կարգադրվել է հոսանքազրկել այն բաժանորդներին, ովքեր չեն վճարել, բայց ես ոչինչ չեմ կարող անել, ես չեմ կարող վճարել լույսի դիմաց», – ասում է նա: Նրա խոսքերով, իր ծանոթներից շատերն են հայնտվել այս իրավիճակում:
Այս պահի դրությամբ տանն ապրում են Օֆելիան, հարսը և նրա 5 տարեկան թոռնիկը: Որդին հասցրել է մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի նախքան սահմանները փակելը, բայց նա չի կարող այնտեղ վաստակել համավարակի և կարանտինի պատճառով:
Մարտ ամսին Օֆելյայի ընտանիքը սպառել էր 125 լարիի բնական գազ և 30 լարիի էլեկտրաէներգիա (չհաշված լեռնային սուբսիդավորումը), արդյունքում, նա չի ընդգրկվել կոմունալ սուբսիդավորման ծրագրի մեջ, քանի որ սպառել է ավելի քան 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խոր/մ գազ: Օֆելիան չի դժգոհում իր ընդհանուր սոցիալական վիճակից, պարզապես հանգամանքների բերումով նա հայտնվել է անելանելի իրավիճակում:
«Այնպես չէ, որ մենք վատ ենք ապրում, մենք միշտ վաստակել ենք, որդիս արտերկրում գումար էր վաստակում: Պարզապես նրանք ինձ փակուղու առջև են կանգնեցրել, ասում են, որ կանջատենք լույսը, իսկ ես վճարելու հնարավորություն չունեմ: Մինչ այս իրավիճակը մենք սկսել էինք բիզնեսով զբաղվել: «Մանե» առևտրի կենտրոնի նոր շենքում փոքրիկ տեղ էինք վարձակալել, հագուստեղեն գնել, սկսել էինք նոր բիզնես, բայց չհաջողվեց այն զարգացնել և շահույթ ստանալ, ամեն ինչ փակվեց», – պատմում է նա:
Նոր բիզնես սկսելու համար Օֆելյայի ընտանիքը վարկ էր վերցրել, բայց այդ վարկն այժմ դադարեցված է:
«Իհարկե, ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նման իրավիճակ: Եվ եթե մենք իմանայինք, կտնտեսեինք, կնախապատրաստվեինք: Բայց այսօր մենք գտնվում ենք շրջափակման մեջ, մարդիկ կմահանան ոչ թե կորոնավիրուսից, այլ սթրեսից: Մենք տանն ամեն ինչ ունենք, եթե հնարավորություն լիներ ինչ-որ բան վաճառելու, մենք կվաճառեինք, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից, բայց ինչպես»:
Կինն առողջական խնդիրներ ունի, նա ասում է, եթե տանը երեխա չլիներ, նրանք դեռ ինչ-որ կերպ կարող էին գոյատևել առանց լույսի և գազի, բայց տվյալ պաագայում, մեզ հետ զրույցում նա մի քանի անգամ կրկնեց. «Ասացեք խնդրեմ ինձ, ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել»: