Ջավախքի «SJGC» գազամատակարարման ընկերությունը դեռևս կառավարությունից չի ստացել այն բաժանորդների սուբսիդիաները, որոնց մարտ ամսվա ծախսերը չեն գերազանցում 200 խորանարդ մետրը: Ընկերությունից հայտնում են, որ իրենք օր-օրի սպասում են փոխանցմանը, բայց եթե մինչև ապրիլի 27-ը այն չստանան, ապա ստիպված կլինեն անջատել գազը` չվճարման պատճառով:
Ջավախքի «SJGC» գազամատակարարման ընկերությունից Jnews- ի հետ զրույցում ասացին, որ իրենք ակնկալում են, որ գործն անջատումների չի հասնի:
«Մեզ այսօր զանգահարեցին և խոստացան այսօր կամ վաղը գումարը փոխանցել: Եթե ցանկանում են, բաժանորդները կարող են վճարել, միևնույն է, այդ գումարները կմնան իրենց հաշիվներում: Մենք կսպասենք մինչև երկուշաբթի, բայց եթե պարզվի, որ ոչ պետությունը, ոչ էլ բաժանորդը չեն վճարել, ապա մենք կսկսենք անջատումները », – ասացին «SJGC» գազամատակարարման ընկերությունից:
Ախալքալաքի մունիցիպալիտետում գազի սպառման 4015 բաժանորդ կարող է օգտվել պետական սուբսիդավորումից, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2820 բաժանորդ: Ըստ կոպիտ հաշվարկների, «SJGC» գազամատակարարման ընկերությունն ունի ավելի քան 17 000 բաժանորդ:
Ջավախքում չվճարման համար 6835 բաժանորդի գազը դեռ չի անջատվի
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ջրամատակարարման և աղբահանման համար: