Հասարակություն 16 Ապրիլի, 2020 • Ջավախքում չվճարման  համար 6835 բաժանորդի գազը դեռ չի անջատվի

Ջավախքի «SJGC» գազաբաշխիչ ընկերությունը պետությունից, որպես սուբսիդիա, դեռ գումար չի ստացել 200 խորանարդ մետրից պակաս գազ ծախսած բաժանորդների մարտ ամսվա կոմունալ վճարումը փակելու համար: Գազի վճարման վերջնաժամկետը ապրիլի 18-ն է, բայց ընկերությունում ասում են, որ իրենք պետությունից սպասում են փոխանցումներին, իսկ ապրիլի 22-ից հետո, եթե փոխանցումը չլինի, բաժանորդները ստիպված կլինեն վճարել:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գազի սպառման 4015 բաժանորդ կարող է օգտվել պետական սուբսիդավորումից, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2820 բաժանորդ: Ըստ կոպիտ հաշվարկների, «SJGC» գազաբաշխիչ ընկերությունն ունի ավելի քան 17 000 բաժանորդ:

«SJGC» ընկերությունից հաղորդել են, որ պետությունն այսօր սկսում է սուբսիդիաների բաշխումը, և ամենայն հավանականությամբ ընկերությունը փոխանցումները կստանա ապրիլի 22-23-ը: Մարտ ամսվա ընթացքում 200 խոր/մ-ից պակաս գազ օգտագործած բաժանորդների գազը չեն անջատի մինչև ապրիլի 22-23-ը:

«Մարդիկ պետք է սպասեն մինչև ապրիլի 22-23-ը, մեր հաշվին արդեն կլինի գումարը, և մենք էլ մեր հերթին այն կփոխանցենք բաժանորդների հաշիվներին: Եթե բաժանորդը վճարել է, ապա գումարը չի կորչի, այն կմնան բաժանորդի հաշվին: Հանկարծ, եթե պետությունը ձգձգի փոխանցումը, մենք կտեղեկացնենք մարդկանց, որպեսզի նրանք վճարեն, քանի որ մեզ «SOCAR»- ից գազ գնելու համար գումար է հարկավոր», — ասացին «SJGC» գազաբաշխիչ ընկերությունից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ջրամատակարարման և աղբահանման համար:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝