Վրաստանի բնակչությանը կպահանջվի առնվազն մեկ տարի, որպեսզի կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո վերադառնա բնականոն կյանքին: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ գործող սահմանափակումները աստիճանաբար կհանվեն: Այնուամենայնիվ, ընտանեկան կամ ընկերական հավաքույթների արգելքը կմնա ուժի մեջ դեռ երկար ժամանակ:

«Ինչ վերաբերում է բնականոն կյանքին վերադառնալուն, ապա, հավանաբար, առնվազն մեկ տարի կպահանջվի՝ հաղթահարելու համար այն ամենը, ինչ կարող է լինել», – հայտարարել է Իմնաձեն:

Նա հույս է հայտնել, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը կբարելավվի, և կարճաժամկետ հեռանկարում շատ սահմանափակումներ կհանվեն: Ըստ Իմնաձեի՝ այս ամենը կախված կլինի նրանից, թե հասարակությունը որքանով կսովորի ապրել կորոնավիրուսի հետ:

«Ես հասկանում եմ, որ սրանք մեր ավանդույթներն են, մեր կյանքի մի մասը, ապրելակերպը, բայց որոշ ժամանակ մենք ստիպված կլինենք հրաժարվել այս ամենից, եթե մենք չենք ցանկանում, որ իրավիճակը վատթարանա: Իհարկե, երկիրը պետք է բացվի: Հուսով եմ, որ մենք այս փուլը կանցնենք խաղաղ և հանգիստ: Միշտ չենք կարող այսպես մնալ: Երկիրը, իհարկե, աստիճանաբար կբացվի, ամեն ինչ կսկսի աշխատել», – հայտարարել է Իմնաձեն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենը չի բացառում, որ ամռանը կգտնվի դեղամիջոցը, որն ուղղակիորեն կազդի նոր կորորնավիրուսի՝ COVID-19-ի վրա:

Իմնաձեն խոսել է նաև կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի հավանականության մասին: Նա հիշեցրել է, որ իսպանական գրիպը, որը մոլեգնել էր աշխարհում 1918-1920 թվականներին, երկու ալիք ուներ:

«Սա շատ չբացահայտված հիվանդություն է, ուստի մենք շատ ենք վախենում նախօրոք կանխատեսումներ անել, այդ թվում՝ կոլեկտիվ իմունիտետ ստեղծելու առումով և այլն: Մենք ունենք այսպես կոչված, իսպանական գրիպի պատմությունը, որի համավարակը երկու ուժեղ ալիք ուներ… Մենք ստիպված կլինենք ապրել վիրուսի հետ և մեր ապրելակերպում որոշ բաներ փոխել», – նշել է Իմնաձեն:

Մայիսի սկզբին համաճարակաբաններն ակնկալում են կորոնավիրուսային վարակի դեպքերի զգալի աճ:

Նյութը՝ «Новости Грузия»-ից