Համաձայն «Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի» կողմից շրջանառվող տեղեկությունների, ամբողջ Վրաստանում մեքենաների արգելքի շրջանակներում բացառություն է արվում ֆերմերների համար: Նրանց թույլատրվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով մեքենաներով տեղաշարժվել առավոտյան 06:00-ից մինչև 08:00-ն և երեկոյան 18:00-ից մինչև 19:00-ն՝ ապրիլի 22-ից մինչև 26-ը ներառյալ:
Այսինքն՝ այս բացառությունն ուժի մեջ կլինի ավտոմեքենաների տեղաշարժի ընդհանուր արգելքի ժամանակ: Այս բացառությունը, Ասոցիացիայի տեղեկատվության համաձայն, կատարվում է բոլոր ֆերմերների համար՝ մեծ, միջին և փոքր:
Երեկ՝ ապրիլի 21-ին, կառավարության որոշմամբ՝ ավտոմեքենաների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 27-ը: Արգելքը երկարաձգելու հայտարարությունում բացառությունների մասին չէր նշվել: Այնուամենայնիվ, ավելի ուշ՝ գիշերը Ասոցիացիան տեղեկատվություն էր տարածել գյուղատնտեսական աշխատանքների համար բացառության մասին:
Որոշ մունիցիպալիտետններ, օրինակ՝ Թելավին, արդեն տարածել են տեղեկատվություն այն մասին, որ գյուղացիները որոշակի ժամերի կարող են մեքենայով տեղաշարժվել:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս բացառությունը ենթադրում է ֆերմերների տեղաշարժը ավտոմեքենաներով, բայց պահպանելով արտակարգ դրության ռեժիմի համապատասխան կանոնները, այսինքն՝ մեքենայում պիտի լինի ոչ ավելի, քան 3 մարդ, իսկ հետևի նստատեղում առավելագույնը 2 ուղևոր:
Այն մասին, թե ինչ պետք է Ձեզ հետ ունենաք, որպես ապացույց փաստաթուղթ, որ դուք ֆերմեր եք, կամ հավելյալ անցագիր ստանալու անհրաժեշտության մասին Ասոցիացիայի հայտարարության մեջ չի նշվում: Մենք կպարզենք այդ հարցերը և կհրապարակենք դրանք մի փոքր ավելի ուշ: