Ախալքալաքում համաճարակային իրավիճակն այս պահին հանդարտ է: Վերջին օրերին հայտնաբերվել է վարակման ընդամենը մեկ դեպք:
Հուլիսի սկզբին կորոնավիրուսային վարակի դեպքեր էին գրանցվել Աբուլ, Խոսպիո, Հոկամ գյուղերում: Այնուամենայնիվ, այս գյուղերում հաջողվեց դադարեցնել վարակի տարածումը՝ մեկուսացնելով վարակված ընտանիքներն ու նրանց շփումները:
Այս օրերին իրավիճակը հանդարտ է, ասում է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի ղեկավարը:
«Ճիշտ է, ոչ բոլորն են դիմում թեստավորման համար՝ վախենալով վարակման դեպքում մեկուսացումից, բայց մենք հնարավորինս փորձում ենք մեկ դեպքի հայտնաբերման դեպքում գտնել հնարավոր բոլոր վարակակիրներին: Այսպիսով, այս գյուղերում հաջողվեց դադարեցնել տարածումը: Այսօր մենք հիվանդության ծանր ընթացքով դեպքեր չունենք», – ասում է Սիրանուշ Տոնականյանը:
Երեկ կատարվել է 57 արագ թեստ, որոնք ցույց չեն տվել դրական արդյունքներ: Նաև 29 PCR թեստ է կատարվել, պատասխանները դեռ հայտնի չեն: Հուլիսի 31-ին կատարված 26 թեստից բացահայտվել է վարակման միայն մեկ դեպք: