Երուսաղեմի Սբ Հարության տաճարում Սուրբ կրակի իջման արարողությունն է կայացել, որին, ըստ ծեսի, մասնակցելու իրավունք ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Հայ և հույն հոգևորականները աղոթել են Սուրբ կրակի իջման համար։
Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:
Սուրբ կրակի իջման արարողությանը հավատացյալներ չեն մասնակցել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հոգևորականներից շատերը բժշկական դիմակներով էին։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արարողությանը մասնակցել է 10 հոգևորական. 3 հայ, 3 հույն, 1 ղպտի, 1 ասորի (վերջիններս Սուրբ Երկրում Հայ Առաքելական եկեղեցու հետևակ համայնքներ են և, որպես այդպիսիք, իրավունք ունեն մասնակցելու արարողության որոշ մասերի)։
Բարեբեր կրակը վառվել է Տիրոջ գերեզմանի քարանձավի վրա կառուցված մարմարե մատուռում, որտեղ և, ըստ ավանդության, թաղվել է Հիսուս Քրիստոսը:
Այս տարի կորոնավիրուսի համավարակի հետ կապված կրակը վառելու արարողությունը տեղի է ունեցել սահմանափակ թվով հոգեւորականների մասնակցությամբ և ուխտավորների բացակայությամբ, որոնք ավանդաբար ժամանում են շատ երկրներից: Կրակը վառելուց հետո Հունական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները այն հասցնում են Երուսաղեմի Հին քաղաքի Յաֆայի դարպասներ, որտեղ այն ստանալու են դեսպանությունների ներկայացուցիչները և այլ իրավասու անձինք: Այնուհետեւ պատվիրակությունները կրակը կհասցնեն Բեն Գուրիոն օդանավակայան, որտեղ կփոխանցեն համապատասխան երկրների ներկայացուցիչներին: