Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղի եկեղեցու տանիքի վերականգնումը դադարեցվել էր մեկ ամիս առաջ, քանի որ աշխատանքներն իրականացվում էին առանց թույլտվության: Կիսաբաց տանիքից ջուրը ներս է ներթափանցում, եկեղեցին վնասվում է, իսկ թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս ավարտված չէ:
Եկեղեցու տանիքը վերականգնելու թույլտվությունը պետք է տա Կրոնի հարցերի գործակալությունը: Սամցխե-Ջավախքում Գործակալության ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի խոսքով, ամեն ինչ արվում է հնարավորինս շուտ այս հարցը լուծելու համար:
«Ես անձամբ եկել եմ Ախալքալաք, տեսնելու եկեղեցու վիճակը: Տեսա, լուսանկարեցի, այսօր կամ վաղը Թբիլիսի կուղարկեմ բոլոր նյութերը», – ասում է Էլվարդ Զազաձեն:
Տուրցխ գյուղի բնակիչները նշում են, որ անհրաժեշտ է արագ լուծում տալ թույլտվության հարցին, որպեսզի անձրևի պատճառով եկեղեցու վիճակը չվատթարանա: Վերանորոգման աշխատանքները սկսվել էին մայիսի 10-ին, մայիսի 16-ին դրանք արգելվել են Կրոնի հարցերի գործակալության աշխատակիցների կողմից:
Էլվարդ Զազաձեի խոսքով, ամեն ինչ պետք է լինի օպերատիվ կերպով, հունիսի 18-ին նա անձամբ կմեկնի Թբիլիսի: Գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո պարզ կդառնա, թե երբ կլինի թույլտվությունը:
Եկեղեցու տանիքը վերանորոգվում է այն բարեգործների միջոցներով, որոնք այժմ բնակվում են Ռուսաստանում և ծնունդով Տուրցխից են:
Գյուղի բնակչությունը, ըստ 2014 թ. մարդահամարի՝ կազմում է 759 մարդ, հիմնականում այստեղ կաթոլիկներ են ապրում: Եկեղեցին կաթոլիկ է:
Բրատիսլավ Իգիթխանյան