Վրաստանի ՄԻՊ-ը կոչ է անում կառավարությանը հաշվի առնել բժիշկների և համաճարակաբանների նախազգուշացումները` կորոնավիրուսի հնարավոր լայնածավալ տարածման վերաբերյալ և անհապաղ սահմանափակել քաղաքացիների ցանկացած հավաք, այդ թվում` եկեղեցիներում: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի այսօր տարածած հայտարարության մեջ:
Հանրային պաշտպանը հիշեցնում է, որ ապրիլի 17-ից՝ որպես երկրում արտակարգ դրության մաս, գործարկվել են տեղաշարժման լրացուցիչ սահմանափակումներ: Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ը կարծում է, որ ձեռնարկված միջոցառումները «բավարար չեն քաղաքացիների հավաքները սահմանափակելու համար, և, հետևաբար, մենք դեռևս վտանգված ենք վիրուսի զանգվածային տարածմանը»:
Հայտարարության մեջ ասվում է, որ վերջին օրերի ընթացքում բժիշկները և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարությունը խոսում էին զատկական տոների ժամանակ համաճարակի բռնկման սպառնալիքների աճի մասին:
«Որոշ մարդիկ, ովքեր դեռ չունեն ախտանիշներ, չեն էլ կասկածում, որ իրենք վիրուսը կրողներ են: Նրանց մասնակցությունը կրոնական արարողակարգերին կապված է վիրուսի փոխանցման բարձր ռիսկի հետ, որը կարող է ճակատագրական լինել մարդկանց որոշակի խմբերի համար», – ասվում է հայտարարության մեջ:
Օմբուդսմենը գտնում է, որ իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է դարձել Զատիկի տոների ընթացքում հոգևոր ծառայությունների մատուցման վերաբերյալ Վրաստանի կառավարության և պատրիարքարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության ֆոնին:
Համաձայն պայմանավորվածության, չնայած պարետային ժամին և արտակարգ դրության սահմանած այլ սահմանափակումներին, հավատացյալները միևնույն է կկարողանան մասնակցել պատարագին՝ ապրիլի 19-ի գիշերը, բայց դրա համար նրանք ստիպված կլինեն ինը ժամով չլքել եկեղեցին, միևնույն ժամանակ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
«Հաշվի առնելով տագնապալի համաճարակաբանական կանխատեսումը, Հանրային պաշտպանը կոչ է անում կառավարությանը հաշվի առնել բժիշկների և համաճարակաբանների հայտարարությունները և կատարել իր պարտավորությունը կյանքի իրավունքի պաշտպանության վերաբերյալ՝ փաստացի և անհապաղ ճանապարհով, սահմանափակելով քաղաքացիների հավաքները ցանկացած ձևով և ցանկացած վայրում», – ասված է Հանրային պաշտպանի ուղերձում:
Օմբուդսմենի գրասենյակը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հավաքները սահմանափակելու համար:
«Հակառակ դեպքում, կանխարգելիչ միջոցառումների բացակայության կամ ուշացած արձագանքման պատճառով պետությունը պատասխանատու կլինի վարակվածների և մահացածների թվի զգալի աճի համար», – ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանի հանրային պաշտպանը նաև կոչ է անում երկրի բնակչությանը խստորեն պահպանել սահմանված կանոնները, քանի որ դրանք «կյանքի և առողջության պահպանման միակ միջոցն են հանդիսանում»:
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը. Ո՞ւմ է թույլատրվում տեղաշարժվել
Կորոնավիրուսի տարածման պատճառով ամբողջ երկրում, մեկ ամսով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 10-ը, արտակարգ դրություն էր հայտարարվել: Ժամը 21:00-ից 6:00-ն գործում է պարետային ժամ:
Իշխանությունները զատկական տոների ընթացքում սահմանել են լրացուցիչ սահմանափակումներ: Ապրիլի 15-ից սահմանափակված է չորս խոշոր քաղաքների` Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումիի և Քութաիսիի ելումուտը:
Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը, ինչպես նաև հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել: Տաս օրվա ընթացքում` մինչև ապրիլի 27-ը, փակվել են մունիցիպալ գերեզմանատները: