Ջավախքի «SJGC» գազաբաշխիչ ընկերությունը պետությունից, որպես սուբսիդիա, դեռ գումար չի ստացել 200 խորանարդ մետրից պակաս գազ ծախսած բաժանորդների մարտ ամսվա կոմունալ վճարումը փակելու համար: Գազի վճարման վերջնաժամկետը ապրիլի 18-ն է, բայց ընկերությունում ասում են, որ իրենք պետությունից սպասում են փոխանցումներին, իսկ ապրիլի 22-ից հետո, եթե փոխանցումը չլինի, բաժանորդները ստիպված կլինեն վճարել:
Ախալքալաքի մունիցիպալիտետում գազի սպառման 4015 բաժանորդ կարող է օգտվել պետական սուբսիդավորումից, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2820 բաժանորդ: Ըստ կոպիտ հաշվարկների, «SJGC» գազաբաշխիչ ընկերությունն ունի ավելի քան 17 000 բաժանորդ:
«SJGC» ընկերությունից հաղորդել են, որ պետությունն այսօր սկսում է սուբսիդիաների բաշխումը, և ամենայն հավանականությամբ ընկերությունը փոխանցումները կստանա ապրիլի 22-23-ը: Մարտ ամսվա ընթացքում 200 խոր/մ-ից պակաս գազ օգտագործած բաժանորդների գազը չեն անջատի մինչև ապրիլի 22-23-ը:
«Մարդիկ պետք է սպասեն մինչև ապրիլի 22-23-ը, մեր հաշվին արդեն կլինի գումարը, և մենք էլ մեր հերթին այն կփոխանցենք բաժանորդների հաշիվներին: Եթե բաժանորդը վճարել է, ապա գումարը չի կորչի, այն կմնան բաժանորդի հաշվին: Հանկարծ, եթե պետությունը ձգձգի փոխանցումը, մենք կտեղեկացնենք մարդկանց, որպեսզի նրանք վճարեն, քանի որ մեզ «SOCAR»- ից գազ գնելու համար գումար է հարկավոր», – ասացին «SJGC» գազաբաշխիչ ընկերությունից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ջրամատակարարման և աղբահանման համար: