Ախալքալաքի փողոցներում դեռ թափառող շները շատ են, տեղական իշխանությունները ավելի քան 100 000 լարի են հատկացրել այս խնդիրը 5 տարվա ընթացքում լուծելու համար, այդուհանդերձ, ախալքալաքցի կենդանասերները կարծում են, որ այս հարցը կարող է լուծվել տեղում ապաստարանի գոյությամբ:

Ախալքալաքի փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ, որոնցից շատերն ազնվացեղ են, սակայն շատերը սովորական բակային շներ են: Սնունդ հայթայթելու համար նրանք շրջում են քաղաքում, դառնալով՝ թե՛ անողոք մարդկանց, և թե՛ այլ շների զոհը: Միայնակ շները պետք է հենց իրենք պաշտպանեն իրենց կյանքի իրավունքը և սնունդն այն ոհմակներից, որոնք հավաքում են խմբերով:

Ubitaya sobachka

Աղմաշենեբելի փողոցում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով սատկած շունը

Հաճախ ենթարկվելով ագրեսիայի, հարվածների, ենթարկվելով մեքենաների կողմից վրաերթի, նրանք կամ սատկում են, կամ հաշմանդամ դառնում: Այս ամենի արդյունքում այս կենդանիները դառնում են ագրեսիվ մարդկանց նկատմամբ: Սակայն, քաղաքում կան մարդիկ, ովքեր փորձում են թեթևացնել նրանց վիճակը և գոնե կերակրել նրանց:

Նա գեղեցկուհի Ալաբային գտել է ուժասպառ վիճակում և դուրս բերել այդ վիճակից, այժմ փնտրում է նրա համար հուսալի և բարի տիրոջ:

Dali

Դալի Աղդգոմելաձեն Ախալքալաքի այն բնակիչներից է, որին լքված, անտուն կենդանիներն ընդունում են ընկերոջ պես: Բազմահարկ շենքերի հարևանությամբ նա կերակրում է բոլոր անօթևան, թափառող շներին, բայց հատկապես խնամում է նրանցից մի քանիսին: Դալին նրանց համար կաթսաներով սնունդ է տանում, կերակրում երշիկով, նրբերշիկով, գնում է շան կեր: Ծիծաղում է, երբ բոլորի պայուսակներում կոսմետիկա է, իսկ իր պայուսակում շների համար դեղեր: Դալին ասում է, որ շատ է խղճում անօթևան շներին, հաճախ է բուժում նրանց, հեռացնում տզերը, ապա մշակում դեղամիջոցներով: Դժգոհում է, որ Ախալքալաքում չկա ոչ մի անասնաբուժական կլինիկա կամ գոնե անասնաբույժ, հիվանդ կենդանիներին հնարավոր չէ բուժել: Երբեմն նա ինքն է նրանց ներարկումներ անում, վիտամիններ տալիս: Նա յուրաքանչյուր շան համար անհանգստանում է, երբ նրանց երկար ժամանակ չի տեսնում: Այդ պատճառով Դալին վիճում է այն մարդկանց հետ, ովքեր ծեծում կամ վիրավորում են շներին:

«Այս հարցը անհնար է լուծել առանց մունիցիպալ իշխանությունների օգնության: Անհրաժեշտ է ապաստանի նախագիծ: Այստեղ մոտակայքում կան տարածքներ` մունիցիպալ, որոնք չեն օգտագործվում: Դրանք կառուցված են, կարելի է ցանկապատել ու վերջ՝ ապաստարանը պատրաստ է: Այնտեղ կարելի է պահել մոտ 100 շուն», – ասում է նա:

Dali 3

Նա կերակրում է մոտ 10-15 շների:

«Ես երբեմն չեմ հաշվում: Արդեն առավոտյան ես 10 լարի եմ ծախսել կեր գնելու համար: Բայց միշտ չէ, որ ստացվում է շներիմ կերակրել, երբեմն դա տեղի է ունենում մեկ-երկու օր ընդմիջմումով։ Նրանք միշտ չէ, որ գալիս են իրենց կերի ետևից: Կան շներ, որոնք հաց չեն ուտում: Նրանց պետք է միայն կեր տալ: Թափառող շները շատ են, ի տարբերություն անօթևան կատուների: Մանկուց ես սիրում եմ անօթևան կենդանիներ, և, պատահում է, որ ինքս եմ մտածում ապաստարան բացելու մասին, բայց դա մեծ գումարներ է պահանջում: Պետք է ունենաս քո սեփական տարածքն ու շենքը, քո ներդրումը: Ես այդքան չունեմ», – ասում է Դալին:

Նինո Ինասարիձեն մեր նյութերից մեկի հերոսուհին է, նա, ինչպես և Դալին, կերակրում է բոլոր անօթևան կենդանիներին, որոնք գալիս են իր գրասենյակի մոտ: Բոլորը գիտեն նրա Լյուսիի մասին, բարի, քնքուշ սպիտակ շունը դարձել է ավելի կատաղի, հարձակվում է թարգմանչական գրասենյակ եկած հաճախորդների վրա՝ վախեցնելով նրանց։ Նինոն աշխատում է հենց այդ գրասենյակում: Նա պնդում է, որ Լյուսին փոխվել է այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը հարվածել է նրան, երբ նա սպասում էր իր ձագերին: Դրա պատճառով լակոտները ծնվել են սատկած:

«Մարդիկ չարացած են: Իրավիճակը մեր նախորդ հանդիպումից հետո չի փոխվել: Անօթևան շներ այլեւս չկան, պարզապես նրանք փոխվել են: Իմ կարծիքով, շներին հավաքում ու բաց են թողնում այլ շրջաններում: Ես այսպես եմ մտածում, քանի որ հանկարծակի հայտնվում են մեծ շներ, որոնք նախկինում չկային, կամ նրանց բերում են գյուղերից և բաց թողնում: Ինչ-որ բան տեղի է ունենում, բայց խնդիրը չի լուծվում: Իմ կարծիքով՝ շներին բռնելը արդյունավետ մեխանիզմ չէ այս խնդիրը լուծելու համար»:

Ker 2

Ինչպես Դալին, Նինոն նույնպես ապրումների մեջ է և կոնֆլիկտ է ունենում հարևանների հետ, ովքեր պահանջում են ազատվել Լյուսիից: Ինչպես ինքն է ասում, հարևանները կարծում են, որ Լյուսիից «ազատվելը» կփոխի իրավիճակը։ Սա վրդովեցնում է նրան, նա չի հասկանում, թե ինչպես կարելի է հրաժարվել անօգնական այս արարածից, որը կախված է մարդկանցից:

«Ես մոտ 5 շուն եմ կերակրում այստեղ` գրասենյակի մոտ: Երկու տուփ շան կերը գնում եմ 9 լարիով, դա բավականացնում է մոտ մեկ շաբաթ: Բացի այդ ես նրանց կերակրում եմ նաև հացով և շատ այլ մթերքներով: Նրանք գալիս են ինձ մոտ, ես չեմ կարող չկերակրել: Այո, դա պետության գործառույթն է՝ հոգ տանել այս կենդանիների մասին: Այս խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել: Բայց ինչ-որ մեկը պետք է շատ ջանա, ինչպես դա անում են այլ երկրներում, որտեղ պաշտպանված են կենդանիների իրավունքները», – ասում է Նինոն:

Մունիցիպալիտետը կարող է ապաստարան բացել պետության աջակցությամբ, որն ընդունում է օրենքներ, որոնք էլ պաշտպանում են կենդանիներին հրազենով կրակելուց: Այնուամենայնիվ՝ բացի կենդանիներին Վրաստանի այլ շրջաններ ստերիլիզացման, կաստրացիայի, պատվաստման, նույնականացման կամ, անհրաժեշտության դեպքում, էվթանազիայի ենթարկելու համար տանելուց և հետ բերելուց ոչինչ չի արվում: Բնակիչներն ու կենդանիների իրավունքների պաշտպանները չեն տեսնում նման միջոցառումների արդյունավետությունը, չնայած այն բանին, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից, ընդհանուր առմամբ 110 423 լարի է հատկացվել 5 տարվա ընթացքում անօթևան շներին բռնելու համար։

Sobachki

«Մոտ երկու տարի առաջ կար նման հարց, բայց ոչ թե Ախալքալաքում, այլ Սամցխե-Ջավախքում ապաստան բացել: Այս հարցը այդպես էլ դրական լուծում չստացավ։ Ախալքալաքում ապաստան կառուցելու առաջարկներ չեն եղել: Սա հսկայական խնդիր է երկրի մասշտաբով: Երկու տեղերում կան նման ապաստարաններ, եթե չեմ սխալվում՝ Քութայիսիում և Թբիլիսիում: Բացի շներին բռնելուց և ստերիլիզացման տանելուց, ուրիշ ոչինչ չկա: Դուք պատկերացնու՞մ եք, թե որքան ֆինանսավորում է անհրաժեշտ ապաստարանը պահելու համար: Կերակրել կենդանիներին, աշխատողներին վճարել…: Մենք նախատեսում էինք ծերանոց բացել, բայց չկարողացանք: Կարծում եմ, դրա համար հսկայական գումար է պահանջվում», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Shunik 4

Մինչև 2017 թվականն իրավիճակը այլ էր, անօթևան շներին պարզապես սպանում էին՝ չկան շներ, չկան խնդիրներ: Թեև, 2017 թվականից Ախալքալաքի մունիցիպալիտետը գումար է հատկացնում շներին բռնելու համար. 2017 թվականին՝ 24 900 լարի, 2018 թվականին՝ 25 423 լարի, իսկ 2019-ին՝ 21,186 լարի էր հատկացվել, ինչից հետո սկանդալ էր առաջացել, քանի որ մունիցիպալ իշխանությունները գոհ չէին կատարված աշխատանքից: Կորոնավիրուսի տարածման տարվա ընթացքում մունիցիպալ իշխանությունները հատկացրել էին 16 881 լարի, այս տարի՝ 22 033 լարի: Արդյունքում, այս ամբողջ ընթացքում ավելի քան 1000 շուն են բռնել ստուգման և ստերիլիզացման համար:

Միայն այս տարի Ախալքալաքի ՀԱԿ-ն արձանագրել է 70 խայթոց և մարդկանց վրա հարձակում, որոնցից մեկը՝ կատվի, մեկը՝ խոզի և մեկն էլ աքիստի: Մնացած բոլոր դեպքերում մարդկանց կծել են շները, նրանց մեծ մասն անտուն են:

Քրիստինե Մարաբյան