Ախալքալաքի որոշ բնակիչներ բողոքում են, որ արտակարգ դրությունը խախտելու համար տուգանքները միշտ չէ, որ տեղին են արձանագրվում: Կան բնակիչներ, ովքեր օգտվում են իրենց բողոքարկման իրավունքից, քանի որ կարծում են, որ տուգանքը անարդարացի է եղել:
Ապրիլի 13-ի երեկոյան, արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու համար տուգանվել է 4 անձ, Ախալքալաքի Տավշան Թափա բլրի մոտակայքում գտնվող հանգստի գոտում ավելի քան 3 մարդու հավաքի համար: Նրանցից մեկն ասում է, որ ինքը մյուս 3-ի հետ տաղավարում չի գտնվել, որ իրեն նրանց կողքին հնարավոր չէր տեսնել:
«Ընկերս ինձ զանգահարեց և ասաց, որ իրենք ընկերների հետ նստած են Տավշանկայի տաղավարում: Նա ինձ խնդրեց, որ ինչ-որ բան բերեմ նրանց համար, քանի որ նրանք բոլորը գինովցած էին և չէին ուզում մեքենա վարել: Ես ժամանակ չունեի, կնոջս հետ շտապ պատրաստվում էինք ինչ-որ տեղ գնալ, բայց չկարողացա մերժել ընկերոջս, ասացի՝ լավ կգամ, կնոջս թողեցի տանը, միգուցե ինչ-որ մեկին հնարավոր է քաղաք բերեի, հիմա չես կարող մեքենայում ավելի քան 2 ուղևոր նստեցնել: Մի խոսքով, գնացի, տարա, մեքենայից իջա, նույնիսկ տաղավար չեմ մտել, ընկերս ինձ ընդառաջ եկավ, վերցրեցի, ես հետ էի գալիս մեքենայիս մոտ, պատրաստվում էի վերադառնալ, այդ պահին եկան ոստիկանները, ինձ կանգնեցրեցին և ասացին, որ պետք է սպասեմ», – պատմում է քաղաքի բնակիչը:
Տաղավարում 3 մարդ կար: Շուտով ժամանեցին տեղի ոստիկանության աշխատակիցները, բոլորին տարան ոստիկանության բաժին և կազմեցին իրավախախտման մասին արձանագրություններ:
«Ես նրանց բացատրեցի և Տավշանկայում, և ոստիկանության բաժանմունքում, ասում եմ` ստուգեք, ես մի կաթիլ անգամ չեմ խմել, ես նրանց հետ չեմ նստել տաղավարում, օղի էի բերել և նրանց հետ նույն տարածքում չէի գտնվում: Իհարկե ես հասկանում եմ, որ ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում, և ես շատ ուրախ եմ, որ խիստ հսկողություն կա, որի շնորհիվ մենք այսօր հանգիստ ենք, վարակման որևէ դեպք չունենք, բայց մենք պետք է ավելի զգուշորեն նայենք իրավիճակին, պետք է հաշվի առնել՝ ես գտնվում էի տաղավարում, թե ոչ, կոնկրետ նրանց հետ էի, թե ոչ», – ասում է նա:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, և արդյո՞ք փորձում է բացատրել իրավիճակը, նա պատասխանեց.
«Ես բացատրեցի ինչպես հատուկ ջոկատայիններին, որոնք կանգնեցրել էին ինձ, այնպես էլ ոստիկանության բաժանմունքում, նրանք ինձ ասացին, եթե համաձայն չեք բողոքարկեք արձանագրությունը դատարանում: Ես պատրաստվում եմ այդպես էլ անել: Նախ, իմ կողմից ռեժիմի խախտում չի եղել, և սա իմ իրավունքների ոտնահարում է, և երկրորդ՝ ես չեմ կարող վճարել այդ տուգանքը, վաստակում եմ արտերկրում, ես այստեղ աշխատանք չունեմ, ընտանիքս զրկված է եկամտի միակ աղբյուրից: Որտեղի՞ց վճարեմ», – ասում է նա:
Ախալքալաքում սահմանված տուգանքների քանակի, ինչպես նաև բողոքարկվող արձանագրությունների վերաբերյալ տվյալները ճշգրտվում են մեր կողմից և կներկայացվեն ավելի ուշ: