Այսօր, ապրիլի 10-ին՝ Ավագ ուրբաթը հիշատակն է վեցերորդ օրվա Հիսուս Քրիստոսի արարչագործության, չարչարանքների և խաչելության: Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում այս օրը խավարման, խաչելության և թաղման կարգ է տեղի ունենում: Կորոնավարակի առկա իրավիճակով պայմանավորված եկեղեցական արարողություններն ընթանում են դռնփակ, առանց հավատացյալների ներկայության:
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:
Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Հարկ է նշել, որ Ավագ Շաբաթվա օրերին Ջավախքի Փոխանորդության ենթակայության տակ գործող համայքային բոլոր եկեղեցիները առավոտյան ժամը 10։00-ից երեկոյան ժամը 20։00-ն բաց են։
Ջավախքի փոխանորդությունը բնակչությանը տեղեկացնում է. «Ապրիլի 11-ին Սուրբ Հարության ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻՆ և ապրիլի 12-ին Սուրբ ՀԱՐՈՒԹՅԱՆ օրերին խստագույնս պահպանելով հաստատված արտակարգ դրության կանոնները առանձնաբար (ոչ խմբերով) կարող եք այցելել եկեղեցիներ և քահանա հայրերից ստանալ օրհնություն և Սուրբ Հաղորդություն։ Մեր հորդորն ու խնդրանքն է նաև, ականջալուր լինել հոգևոր հայրերին և երիտասարդ կամավորներին, եկեղեցիներ մուտք գործելու գործող սահմանափակումների կարգը պահպանելու համար։ Աստուծո օրհնությամբ և միասնական ջանքերով այս փորձությունն էլ պիտի հաղթահարենք։ Աստված ամենքիս պահապան»։