Ախալքալաքի շրջանային դատարանում քննվում է Կորխ գյուղի բնակիչ Յուրիկ Ծառուկյանի կողմից վարչական իրավախախտման գործը, որը մեղադրվում է Կորխի մշակութային ժառանգության հուշարձանի ապօրինի վերականգնման մեջ:

Գործը քննվում է «Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 88-րդ հոդվածի առաջին մասով, որը ֆիզիկական անձանց համար նախատեսում է 5000 լարի տուգանք:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Յուրիկ Ծառուկյանին մեղադրում է, Կորխ գյուղում՝ մշակութային ժառանգության հուշարձանի՝ XIX դարի եկեղեցում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ սկսելու մեջ:

Յուրիկ Ծառուկյանը իրեն մեղավոր չի համարում: Նրա փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը նամակը գրել է բոլոր գյուղացիների անունից և չի մասնակցել որեւէ գործողության: Փաստաբանը նաեւ ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Վազգեն Տեր-Միրզախանյանը նախկինում ներկայացրել էր նմանատիպ նամակ եւ խնդրանք՝ եկեղեցու վերականգնման համար, եւ Յուրիկ Ծառուկյանը բացի դրանից ուրիշ ոչինչ չի արել:

Այս փուլում դատարանը որոշում չի կայացրել: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 13-ին, ժամը 13:00-ին:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին, արձագանքեց՝ նախազգուշացնելով, այնուհետեւ տուգանելով Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված էին Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են: