Այսօր, ապրիլի 9-ին Ավագ Հինգշաբթի օրը, Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգի համաձայն Ջավախքի եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի կարգ: Կորոնավարակի առկա իրավիճակով պայմանավորված եկեղեցական արարողություններն ընթանում են դռնփակ, առանց հավատացյալների ներկայության:
Ավագ հինգշաբթի օրը հայ եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից: Այդ օրը պատարագիչ քահանան 12 դպիրների հետ միասին բարձրանում է խորան և ոտնլվայի արարողակարգի ժամանակ լվանում նրանց ոտքերը: Այս արարողության հիմքը Ավետարանում նկարագրվող պատմությունն է, երբ Վերջին ընթրիքից առաջ Հիսուս լվանում է իր աշակերտների ոտքերը: Հին աշխարհում ինչպես գիտենք ճանապարհները փոշոտ էին և երկար ճանապարհ անցնելուց հետո բնական էր, որ մարդկանց ոտքերը կեղտոտվում էին: Հնում ընդունված կանոն էր, երբ մեկի տուն հյուրեր էին գալիս պետք էր նրանց ոտքերը լվանային: Ոտքերը իրականում լվանում էին ծառաները, ստրուկները, աղախինները: Որպես խոնարհության բացառիկ օրինակ Քրիստոս, Ինքը առաջինը վեր կացավ, սրբիչը կապեց իր մեջքին և լվաց աշակերտների ոտքերը՝ առաջինը կանչելով Պետրոս առաքյալին:
Մեր Տիրոջ ձեռքում էր գտնվում և՛ փառքը, և՛ իշխանությունը, բայց Նա այս օրինակով Իր խոնարհությունն է ցույց տալիս մարդկանց՝ պատգամելով, որ եթե ցանկանում ենք մեծ լինել և մեր պատվավոր տեղը ունենալ երկնքի արքայությունում, պետք է սիրով ծառայենք միմյանց:
Ավագ հինգշաբթիի երեկոյան մեր եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը պատկանում է Ավագ ուրբաթին, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է:
Հարկ է նշել, որ Ավագ Շաբաթվա օրերին Ջավախքի Փոխանորդության ենթակայության տակ գործող համայքային բոլոր եկեղեցիները առավոտյան ժամը 10։00-ից երեկոյան ժամը 20։00-ն բաց են։
Ջավախքի փոխանորդությունը բնակչությանը տեղեկացնում է. «Ապրիլի 11-ին Սուրբ Հարության ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻՆ և ապրիլի 12-ին Սուրբ ՀԱՐՈՒԹՅԱՆ օրերին խստագույնս պահպանելով հաստատված արտակարգ դրության կանոնները առանձնաբար (ոչ խմբերով) կարող եք այցելել եկեղեցիներ և քահանա հայրերից ստանալ օրհնություն և Սուրբ Հաղորդություն։ Մեր հորդորն ու խնդրանքն է նաև, ականջալուր լինել հոգևոր հայրերին և երիտասարդ կամավորներին, եկեղեցիներ մուտք գործելու գործող սահմանափակումների կարգը պահպանելու համար։ Աստուծո օրհնությամբ և միասնական ջանքերով այս փորձությունն էլ պիտի հաղթահարենք։ Աստված ամենքիս պահապան»։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից