Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքում վաղ առավոտից Վրաց Ուղղափառ Եկեղեցում Ջրօրհնեքի տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ։ Այնուհետեւ, ավանդույթի համաձայն՝ Խոսպիո գյուղում կատարվել է գետի օծման եւ մկրտության արարողություն։
Այսօր Ախալքալաքում՝ Խոսպիո գյուղում, եղանակային բարդ պայմաններում՝ ՎՈՒԵ-ն մկրտել է երկու աղջկա՝ 2 ամսական Վալենտինային և ավելի մեծահասակ աղջկան՝ Իրինային։
Փարվանա գետի մոտ՝ մկրտության վայրում, մոբիլիզացված էին փրկարարները։ Օծված գետը մտել են թե մանուկները, թե մեծահասակները։
Աստվածահայտնության տոնը 12 տաղավար տոներից մեկն է։ Այն կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Փրկչի մկրտության հետ: Այս օրվանից սկիզբ է առնում առաջին եկեղեցական խորհուրդը՝ մկրտության ծեսը։ Ջրօրհնեքը կոչվում է նաև Աստծո հայտնության տոն: Ըստ Ավետարանի, հենց այս օրը հայտնվեց Երրորդությունն ամբողջությամբ. Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով, և երկնքից մի ձայն ասաց. «Սա է իմ սիրելի Որդին. որով ես գոհանում եմ»։