Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման և իրացման նպատակով՝ գումարի դիմաց նրանք կեղծ տեղեկանք են տվել այն մարդկանց, ովքեր ցանկանում էին պետության կողմից ֆինանսական օգնություն ստանալ: Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները կեղծել են փաստաթղթեր, որոնք ապացուցել են, որ քաղաքացիները եկամտի աղբյուր ունեցել են մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը: Հենց այդպիսի տեղեկանք պիտի ներկայացնեն պաշտոնական կառույցներ ինքնազբաղվածները, ովքեր կորցրել են իրենց եկամտի աղբյուրը համավարակի պատճառով՝ պետբյուջեից փոխհատուցում ստանալու համար:
Ընդհանուր առմամբ, մեղադրյալները «օգնել» են հինգ քաղաքացու: Ընկերության անունից տրված կեղծ փաստաթղթերում նշվում է, որ դիմումատուները վաճառել են թանկարժեք մետաղներ և զարդեր: Յուրաքանչյուր կեղծ տեղեկանքի համար նրանք ստացել են 100 լարի (մոտ 33 դոլար):
Հետաքննությունը սկսվել է «կեղծ փաստաթղթերի, կնիքների, նամականիշների կամ տառատեսակների արտադրություն, իրացում կամ օգտագործում» հոդվածով: Այս հանցագործությունը պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ:
Մայիս ամսից սկսած Վրաստանի ինքնազբաղված քաղաքացիները կարող են միանվագ օգնություն ստանալ 300 լարիի չափով (մոտավորապես 100 դոլար): Ինքնազբաղներն այն մարդիկ են, ովքեր որևէ տնտեսական գործունեություն են իրականացրել և եկամուտ ստացել, բացառությամբ այն անձանց, ովքեր աշխատում են պայմանագրով:
Պայմանականորեն, բոլոր ինքնազբաղված անձինք բաժանվում են երկու խմբի՝ Եկամուտների ծառայությունում անհատապես գրանցված անձինք և նրանք, որոնց տնտեսական գործունեությունը պաշտոնապես գրանցված չէ:
Հունիսի 19-ի դրությամբ, Վրաստանի առողջապահության նախարարության կայքում գրանցվել է 144 674 մարդ՝ 300 լարի դրամական փոխհատուցում ստանալու համար:
Այդ ժամանակ միանվագ օգնություն էին ստացել 84 564 ինքնազբաղված անձ, ովքեր տեղեկանք էին ներկայացրել՝ նշելով, որ նրանք կորոնավիրուսի ժամանակահատվածում մնացել են առանց եկամուտի: Ընդհանուր առմամբ, պետությունը փոխանցել է ավելի քան 25,3 միլիոն լարի (8,4 միլիոն դոլար):