Վրաստանում կա բավարար քանակությամբ սննդապաշար, որն անընդհատ լրացվում է: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Վրաստանի կառավարությունը սկսել է ստեղծել ռազմավարական սննդի պաշար: Նախատեսվում է ծախսել 16 միլիոն լարի (մոտ 4,9 միլիոն դոլար) այն ապրանքների ձեռքբերման համար, որոնց ներմուծումից կախված է երկիրը:
Բաթումիի նավահանգստում վարչապետը դիմավորել է երկու նավի: Մեկը բեռնված էր 40 տոննա սննդամթերքով, իսկ երկրորդը՝ 23 տոննա դեղամիջոցներով և ապրանքով:
«Մենք ունենք անհրաժեշտ պաշարեղեն, և այդ պաշարներն անընդհատ լրացվում են: Այդ իսկ պատճառով ես այցելեցի Բաթումիի նավահանգիստ և ուզում եմ նշել, որ նավահանգստի գործնեությունը ոչ մի րոպե կանգ չի առել», – ասել է Գախարիան:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ սննդի մեծ մասը երկիր է մտնում Փոթիի և Բաթումիի նավահանգիստների միջոցով: Նա նշել է, որ համաշխարհային համաճարակի ժամանակ ծովային բեռնափոխադրումներն ապրանքները տեղափոխելու ամենաարդյունավետ միջոցն է:
Կառավարության տեղեկատվության համաձայն, 2020 թվականի առաջին եռամսյակում Բաթումի նավահանգիստը 102%-ով ավելի բեռ է ստացել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Նավահանգիստ հասած բոլոր բեռները ախտահանվում են: Հատուկ լուծույթով մշակվում են նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք փոխադրում են բեռնարկղերը: Բացի այդ, անձնակազմի բոլոր անդամներն անցնում են ջերմաչափում: