Նոյեմբերի 28-ին, Թբիլիսիի «Wyndham Grand Hotel»-ում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) Կարտոֆիլի ծրագրի փակման միջոցառումը։ Ծրագիրը տևեց երեք տարի և իրականացվեց Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Լիա Կապլանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն, տարբեր կազմակերպությունների և ծրագրի շահառուների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ախալքալաքից և Ախալցիխեից:
Ծրագիրն իրականացվել է Կարտոֆիլի միջազգային կենտրոնի (CIP) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ Կարտոֆիլի ծրագրի շրջանակներում:
Միջոցառումը վարում էր Վրաստանում ԱՄՆ ՄԶԳ կարտոֆիլի ծրագրի համակարգող Վախթանգ Մշվիդոբաձեն: Բացելով միջոցառումը նա պատմեց երեք տարվա ծրագրի ձեռքբերումների մասին, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչի են հասել կարտոֆիլի նոր սերմերի արտադրության մեջ։ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում Ախալքալաքում արտադրվել է սերմացուի չորս նոր սորտ։ Այս սորտերը ստացվել են Ախալքալաքի և Ախալցիխեի ջերմոցներում, որոնք կառուցվել են ծրագրի շրջանակներում։ Ախալքալաքում ամենից լավ արմատավորվել է «Ագրիա» սորտը:
Ծրագրի շրջանակներում Ախալքալաքում բացվել է կլիմայի վերահսկմամբ սառնարանային պահեստ, որը վերահսկում է ջերմաստիճանը, խոնավությունը և CO2-ը: Պահեստը կառուցվել է գերմանական տեխնոլոգիաներով։ Պահեստի տարածքը 200քառ/մ է, որտեղ հնարավոր է պահել 300-ից մինչև 350 տոննա կարտոֆիլ։ Ծրագրի շրջանակներում ստեղծված բոլոր ենթակառուցվածքները կմնան ֆերմերներին, ծրագրի մասնակիցներին։
Ելույթ ունենալով ծրագրի փակման միջոցառմանը, ԱՄՆ ՄԶԳ/Վրաստան առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Լիա Կապլանն ասաց, որ իրենց նպատակն էր օգնել Վրաստանի գյուղատնտեսության ոլորտին:
«Կարտոֆիլի արտադրությունը կարտոֆիլի ավելացված արժեքի կարևոր շղթան է: Մեր նպատակն էր բավարարել սպառողի կարիքները և աջակցել Սամցխե-Ջավախքի փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը: Եվ քանի որ աշխարհը բախվում է մարտահրավերների, կարևոր է, որ Վրաստանը հնարավորություն ունենա արտահանել կարտոֆիլ, դրանով իսկ օգնելով մյուս պետություններին»,- ասաց Լիա Կապլանը։
Ելույթ ունեցավ նաև Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն և շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար։ Ներկաները լսեցին CIP ռազմավարության իրականացման և մասշտաբի գծով ավագ տնօրեն Յան Բարքերի առցանց ելույթը:
Ծրագրին մասնակցել է 11 կին շահառու, ընդհանուր առմամբ ծրագիրը օգնել է շուրջ 4000 շահառույի, շուրջ 2000 ֆերմերի, մասնագետների և ուսանողների, ովքեր մասնակցել են ծրագրի շրջանակներում անցկացվող տեղեկատվական հանդիպումներին։ Ծրագիրը ցույց տվեց, որ Սամցխե-Ջավախքն ունի արտադրողական ներուժ, որպես կենսունակ բիզնես հնարավորություն կանանց և երիտասարդների համար:
Ելույթներին հաջորդեց «Կարտոֆիլի սերմացուի արտադրության հետագա քայլերը, որպես պարենային անվտանգության առանցքային գործոն» և «Կարտոֆիլի արտադրողա-շուկայավարման արժեշղթայի կարևորությունը խմբերի, ներառյալ կանանց և երիտասարդների ինտեգրման գործում» թեմաներով պանելային քննարկումը:
Ախալքալաքից պանելային քննարկմանը մասնակցում էր JAC-ի (Ջավախքի ագրո ընկերություն) ներկայացուցիչ Արթուր Իրիցյանը։
«Ձեր ծրագրի շնորհիվ մենք հմտություն ձեռք բերեցինք ջերմոցներում հիդրոմեթոդով լաբորատորիայի աշխատանքի մեջ կարտոֆիլի տնկիների աճեցման ուղղությամբ, և մեր ֆերմերները վստահելով նոր մեթոդներին, սովորեցին ստանալ ամենաորակյալ սերմերը։ Ծրագիրը պետք է անպայման շարունակվի, քանի որ երեք տարին շատ քիչ է գյուղատնտեսության զարգացման համար»,- ասաց Արթուր Իրիցյանը։