«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սամվել Պետրոսյանին անարդար են ձերբակալել և իրենք ամեն ինչ կանեն արդարությունը վերականգնելու համար: Նրա խոսքերով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բացահայտ հովանավորում է Հենզել Մկոյանին:
«Ես ճանաչում եմ Հնեզել Մկոյանին և նրա հանդեպ ոչ մի տեսակի թշնամական վերաբերմունք չունեմ, սակայն ճշմարտությունը պետք է հաղթի: Մի քանի օր առաջ ինտերնետում տարածվեց տեսագրություն, որտեղ պարզ երևում է, որ Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը թիրախավորված կրակում է «Հայրենասերների դաշինքի» անդամի վրա», – ասում է «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին:
Վերջինիս խոսքերով, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը բացահայտ հովանավորչություն է անում և օգտագործում իր կարգավիճակը դատարանին ու հասարակությանն ապատեղեկացնելով:
«Ես և մեր կուսակցության ղեկավար Գիորգի Լոմիան կանգնեցինք Սամվել Պետրոսյանի կողքին, սակայն նրան ձերբակալեցին։ Մենք միանշանակ համարում ենք, որ այս ցավալի գործում Սամվել Պետրոսյանը մեղավոր չէ, և նրա ձերբակալությունն ակնհայտ անարդարություն է։ Մենք չենք փորձում այս գործին քաղաքական երանգ տալ, սակայն բացահայտ ասում ենք, որ Հենզել Մկոյանն ընկերություն է անում Իրակլի Կոբախիձեի հետ, իսկ նա ինչպես երևում է սխալ է հասկանում ընկերությունը: Ես բացահայտ մեղադրում եմ Իրակլի Կոբախիձեին, որ նա միտումնավոր ապակողմնորոշման մեջ է գցել իշխող կուսակցությանը, որ նա օգտագործում է իր կարգավիճակը Մկոյանին պաշտպանելու համար: Նա օգտագործում է իր ազդեցությունը դատարանի վրա, օգտագործում է իր ազդեցությունը լրատվամիջոցների մի մասի վրա և բացահայտ փորձում է սխալմունքի մեջ գցել հասարակությանը»,- հայտարարում է Ինաշվիլին։
Ինաշվիլիի հայտարարությամբ՝ «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդները Սամվել Պետրոսյանի ձերբակալման մասին մանրակրկիտ տեղեկատվություն են փոխանցել Եվրամիության դեսպանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն, մյուս դեսպանատներ, և, որ իրենք ամեն ինչ կանեն, որ անմեղ մարդ չտուժի:
«Ազգային շարժման» ներկայացուցիչը պահանջում է, որ Հենզել Մկոյանը պատասխանատվություն կրի
«Վրացական երազանքը» չի պատրաստվում Մկոյանին զրկել անձեռնամխելիությունից
Կադրեր Պետրոսյանի և Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից (Video)
Մարտի 26-ին, Ախալքալաքում «Գոլդ» սրճարանի դիմաց, որը պատկանում է Պետրոսյանին, տեղի է ունեցել փոխհրաձգություն Պետրոսյանի և Մկոյանի միջև: Արդյունքում ձերբակալել են Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ձերբակալվածներին սպառնում է 4-7 տարի ազատազրկում: