Ախալքալաքում թափառող շների խնդիրը նոր չէ։ Քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Գարադոկում, բնակիչները հաճախ հանդիպում են փողոցներում շրջող շների խմբերի։ Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ինչպես բնակիչների մտահոգությունները, այնպես էլ այն դեպքերը, երբ շները հարձակվել են մարդկանց վրա։
Թափառող շների ագրեսիվ վարքի պատճառներից մեկը կարող է լինել նաև սովը։ Սոված կենդանիները հաճախ դառնում են ավելի անկանխատեսելի և ագրեսիվ՝ հատկապես այն միջավայրում, որտեղ ամեն օր պայքարում են սնունդ գտնելու համար։
Այս խնդրի մասին Jnews-ին դիմել է Մեյրանուշ Մելքոնյանը՝ Ախալքալաքի բնակչուհի, ով մեծ սեր ունի կենդանիների նկատմամբ և իր տանը պահում է մի քանի շուն։
Մեյրանուշը կարծում է, որ քաղաքի թափառող շների խնդիրը հնարավոր է լուծել ոչ միայն բողոքելով, այլև փոքր, բայց կարևոր քայլերով։ Նա պատրաստակամություն է հայտնել իր քրոջ հետ կերակրել Ախալքալաքի և Գարադոկի թափառող շներին, եթե կենդանասեր և բարեգործությամբ զբաղվել ցանկացող մարդիկ օգնեն շան կեր ձեռք բերել։
«Ես շատ եմ սիրում շներին և չեմ կարող անտարբեր անցնել սոված կենդանու կողքով։ Եթե մարդիկ օգնեն շան կեր գնել, ես և քույրս պատրաստ ենք կերակրել քաղաքի ու Գարադոկի շներին»,– ասում է Մեյրանուշը։
Նա դիմում է բոլոր այն մարդկանց, ովքեր նույնպես մտահոգված են քաղաքի թափառող և սոված շների խնդրով։ Ցանկացողները կարող են խանութից շան կեր գնել և փոխանցել Մեյրանուշին։ Հետագայում նա և իր քույրը կզբաղվեն այդ կերի միջոցով շներին կերակրելով։
Այս նախաձեռնությունը, մի կողմից, օգնություն է սոված կենդանիներին, իսկ մյուս կողմից՝ կարող է նպաստել քաղաքի բնակիչների անվտանգության ապահովմանը։ Որքան քիչ լինեն սոված ու անտեսված կենդանիները փողոցներում, այնքան ավելի փոքր կլինի նրանց ագրեսիվ վարքի դրսևորման հավանականությունը։
Ախալքալաքում թափառող շների խնդրի լուծումը, իհարկե, պահանջում է նաև համակարգային և երկարաժամկետ աշխատանք։ Սակայն մինչ այդ յուրաքանչյուր մարդ կարող է իր փոքր ներդրումն ունենալ։
Երբեմն մեկ տոպրակ շան կերը կարող է մի քանի կենդանու համար դառնալ ոչ միայն օրվա սնունդը, այլև ապահովի քաղաքացիների անվտանգությունը։
Ցանկացողները կարող են կապ հաստատել Մեյրանուշ Մելքոնյանի հետ տվյալ հեռախոսահամարով՝ +995 592 40 02 07







