Այսօր, ապրիլի 2-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենց նախկին թիմակից, այժմ «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից քրեական հանցագործության ապացույցներ կան, իսկ ոստիկանությունն ու դատախազութունն անգործության են մատնված:

«Երկրում ծանր իրավիճակ է: Համաճարակի տարածման և սոցիալ-տնտեսական տեսանկյունից ամեն օր ավելի ու ավելի է վատանում ու այս ֆոնին ցանկանում եմ ուշադրություն դարձնել շատ տագնապալի փաստին: Մասնավորապես, «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից քրեական հանցագործություն անելու ապացույցները տեսանք «Մթավարի» հեռուստաընկերության եթերից: Հենզել Մկոյանը, ով աչքի էր ընկնում իր բռնի գործունեությամբ, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչների վրա հարձակվելու համար, երբեք չի պատժվել: Ավելին, «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն այն ժամանակ ասում էին, որ Մկոյանն իրենց թիմակիցն է և իհարկե, առանձնահատուկ ոչինչ չի արել: Մենք տեսանք, որ Մկոյանը կրակում է: Սա տեսնում են ոստիկանները, բազում վկաներ կան, սակայն ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել»,- հայտարարել է Դեկանոիձեն:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ էին արձակվել: Արդյունքում ոչ ոք չէր տուժել: Ինչպես պարզվել է, կրակել էին ինչպես «Վրացական երազանք»-ի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Մարտի 29-ին Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցների կողմից անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ն և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ն: Մեղադրյալներին սպառնում է 4-ից մինչև 7 տարի ազատազրկում:

Քննությամբ հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաք քաղաքում Ազատություն և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:

Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով:

Մարտի 31-ին Ախալցիխեի շրջանային դատարանը Սամվել Պետրոսյանի և Արմեն Մկոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: