Վրաստտանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, եթե առաջիկա օրերին հանձնարարականները խստիվ կերպով պաշտպանվեն, կա հնարավորություն, որ վատ սցենարները չարդարացվեն:

Իմնաձեի խոսքով, մինչ օրս դինամիկա կար, որը հնարավորություն էր տալիս մտածելու, որ այս իրավիճակը կհաղթահարենք հնարավորինս քիչ կորուստներով:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական վնասներին, այլև՝ մարդկային կյանքերին, որ քիչ մարդկանց կյանքի գնով կկարողանանք հաղթահարել համավարակը, հակառակ դեպքում մեզ սպասվում է այն, ինչ տեղի ունեցավ Իտալիայում, չենք կարողանա հաշվել դագաղները, դա եք ցանկանու՞մ: Մնանք տանը:

Երկրում սկսվել է կորոնավիրուսի լայն տարածում: Դա նշանակում է, որ այսօր մեր կողքին են մարդիկ, ովքեր չգիտեն, որ վարակված են, նրանք վարակակիր են դառնում ախտանշանների ի հայտ գալուց մեկ օր առաջ: Մենք չգիտենք, թե ովքեր են նրանք: Նրանք կգան ձեզ մոտ հյուր և կվարակեն ձեզ: Նրանք կգնան եկեղեցի և այնտեղ կվարակեն բոլորին: Հասկանանք դա»,- հայտարարել է Իմնաձեն:

Պաատա Իմնաձեն նշել է, որ եթե մարդիկ չմնան տանը, ստիպված կլինեն իշխանությանը կարանտին հայտարարելու մասին խորհուրդ տալ:

«Իմ հորդորն է, եթե ցանկանում եք փրկվել, ողջ մնալ, մնացեք տանը: Այլ ելք չկա, եթե ցանկանում եք փրկել ազգը, եկեղեցին, մի գնացեք եկեղեցի»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: