Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին բացատրել է երկրում տրանսպորտով տեղաշարժման համակարգը՝ համընդհանուր կարանտինի պայմաններում:
Համընդհանուր կարանտինը գործում է ամբողջ Վրաստանի տարածքում, այսօրվանից՝ մարտի 31-ի ժամը 8:00-ից սկսած: Միջոցառումներն ուղղված են կորոնավիրուսի տարածումը կանխելուն:
Գործում է պարետային ժամ: Վրաստանի բոլոր բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից երեկոյան 21:00-ից առավոտյան 06:00-ն: Արգելվում է երթևեկել ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով:
Ժամը 08.00-ից մինչև 21.00-ն թույլատվում է տեղաշարժվել միայն թեթև մարդատար ավտոմեքենաներով, ինչպես նաև տաքսիներով (հետևի նստատեղում պիտի լինի երկու հոգուց ոչ ավելի):
Բացի այդ, տեղաշարժվել կկարողանան տրանսպորտային միջոցները, որոնք սպասարկում են աշխատողների կազմակերպված փոխադրումը, և որոնք շարունակում են աշխատել՝ դեղատները, մթերային խանութները, լրատվամիջոցները և այլն:
Ժամը 21:00-ից 6:00-ն ընկած ժամանակահատվածում միայն տրանսպորտային միջոցներն ունեն տեղաշարժի իրավունք, որոնք ունեն հատուկ անցաթղթեր:
Արգելվում է տանից դուրս գալ 70 տարեկանից բարձր քաղաքացիներին, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նրանք գնում են մթերային խանութ, մոտակա դեղատուն կամ բուժհաստատություն: Փողոցում գտնվող բոլոր քաղաքացիները ոստիկանության պահանջով պետք է պատրաստ լինեն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Փոթիի, Զուգդիդիի, Ռուսթավիի մուտքերի և ելքերի մոտ տրանսպորտը կախտահանվի:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված՝ Վրաստանում մարտի 18-ին փակվել են սահմանները: Մարտի 21-ին երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն մինչև ապրիլի 21-ը: Մինչ այժմ խիստ կարանտին էր մտցվել Վրաստանի երկու շրջանների համար՝ Բոլնիսի և Մառնեուլի, որտեղ համաճարակի բռնկման հավանականություն կար:
Փողոցներում հասարակական կարգի պահպանումը կապահովի պարեկային ոստիկանությունը: Արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունը կարող է իրավախախտ ֆիզիկական անձանց տուգանել 3 հազար լարիով, իսկ իրավաբանական անձանց՝ 15 հազար լարիով (մոտ 4,5 հազար դոլար): Կրկնակի խախտումը կարող է հանգեցնել ազատազրկման: