Վաղվանից կսկսվի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից այսօր հայտարարված կարանտինն ու պարետային ժամը: Ի՞նչ է սա նշանակում…
Պարետային ժամ: Վրաստանի բոլոր բնակիչներին արգելվում է դուրս գալ իրենց տներից երեկոյան 21:00-ից առավոտյան 06:00-ն: Այսպես կոչված պարետային ժամն ուժի մեջ կմտնի վաղը՝ մարտի 31-ից, ժամը 21:00-ին:
Ավելի քան երեք անձի հավաքը մեկ վայրում արգելված է, բացառությամբ մթերային խանութներում և դեղատներում, որտեղ պարտադիր է պահպանել երկու մետր սոցիալական հեռավարությունը: Ինչ վերաբերում է արտադրությանը, կառավարությունն աշխատում է առանձին կանոնակարգի վրա, քանի որ արտադրության վրա արգելք չի լինի:
Արգելվում է 70 տարեկանից բարձր քաղաքացիներին տնից դուրս գալ, բացի այն դեպքերից երբ նրանք գնում են մոտակա մթերային խանութ կամ դեղատուն։ Նաև տարեց, միայնակ քաղաքացիների համար պարտավոր են հոգ տանել տնտեսության և առողջապահության նախարարությունները, ինչպես նաև տեղական մունիցիպալիտետները:
Ամբողջ երկրում ստեղծվում են հսկիչ կետեր: Ավելի կոնկրետ՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսում, Ռուսթավիում, Փոթիում, Զուգդիդիում և Գորիում ստեղծվում են հսկիչ կետեր, որոնք վերահսկելու են քաղաքացիների տեղաշարժը, ինչպես նաև ստուգելու են նրանց առողջական վիճակը և կսկսվեն նախնական ջերմաչափում: Հսկիչ կետերը կստեղծի Ներքին գործերի նախարարությունը՝ ՊՆ-ի հետ միասին: