Այսօր, մարտի 29-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հանդես է եկել կորոնավարակի կանխարգելման վերաբերյալ հայտարարությամբ: Բնակչության կոչ անելով՝ խստագույնս պահպանել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը դիմում է բնակչությանը.
«Սիրելի Հավատացյալներ,
Ստեղծված անելանելի և դժվարին այս շրջանում, երբ աշխարհը բարդ և մտահոգ օրեր է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր ամենքի պարտքն է գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ամենը և վերադառնանք բնականոն մեր կյանքին։
Մեր հայրերի լույս հավատքով և Սուրբ Էջմիածնից ճառագող օրհնությունները միախառնելով մեր աղոթքներին պիտի զորավիգ ու անսասան պահեն մեզ։
Մեր կոչը և հորդորն է Ձեզ՝ խստագույնս պահպանել բոլոր ցուցումներն ու կանոնները, մեկուսացման այս շրջանը համարել իբրև ապաշխարության և խորհելու լավագույն ժամանակաշրջան։
Սիրելի հավատացյալներ, գալիք կյանքի լուսավոր օրերի խնդությամբ՝ ընդառաջ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության խորհրդին, եկեք միասնական ուժերով վերստին աղոթք բարձրացնենք և հայցենք բարեգութ Աստծո օրհնությունը՝ համայն աշխարհի համար, որպեսզի հնարավորինս շուտ աշխարհում տիրի առողջություն և համերաշխություն»: