Այսօր, հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել:
Երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի եւ Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկի ճրագալույցներին:
Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, եւ հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այդմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով եւ «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը:
Երեկոյան ժամերգությունից հետո ընթերցում են Սուրբ Գրքից հատվածներ: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից, ինչպես նաեւ հատվածներ Ղուկասի եւ Մատթեոսի ավետարաններից: Բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան եւ զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Տիրոջ գալուստը վկայող մարգարեությունները:
Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը: Ապա ընթերցվում է Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է Սուրբ Խորանի վարագույրը եւ սկսվում է Սուրբ Պատարագի արարողությունը:
Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչեւ հունվարի 13-ը կատարվում է նաեւ Սուրբ Ծննդյան տնօրհնեք: