Ախալքալաքի շրջանի 150 բնակիչ ունեցող Մյասնիկյան (Կոմունա) գյուղում ապրելու համար առաջին նախապայմանները՝ ջուր և ճանապարհ չկա: Այս և բազմաթիվ այլ պատճառներով երիտասարդ ընտանիքները ստիպված գյուղից հեռանում են:

Ախալքալաքի հարավ-արևմուտքում, 25 կմ հեռավորության վրա է գտնվում Մյասնիկյան գյուղը: Սուլդա գյուղից աջ ես թեքվում և ճանապարհ ընկնում դեպի Մյասնիկյան: Հեռվից, թանձր մառախուղի մեջ նշմարվող հազվագույտ ծխնելույզներից բարձրացող ծուխը միակ վկայությունն է այն բանի, որ այստեղ մարդիկ են ապրում:
Komuna

Գյուղից վերջին մեկ տարվա ընթացքում 7 ընտանիք է հեռացել: Ալեքսանդր Մյասնիկյանի անունը կրող գյուղի 9-ամյա դպրոց ընդամենը 6 երեխա է հաճախում: Ահա այս 6 աշակերտներն են գյուղի գոյատևման ու շարունակության երաշխիքը: Արտագաղթի պատճառներն այս գյուղում շատ են:

Առաջին մադկանց հանդիպեցինք գյուղի միակ աղբյուրի մոտ, երկու կանայք դույլերով ջուր էին կրում: Այստեղ դույլերով ջուր կրելը, ջրի համար հերթ կանգնելը սովորական երևույթ է: Բնակիչների օրն սկսվում և ավարտվում է հենց ջուր կրելով: Հիմնադրման օրվանից գյուղը ջուր չունի: Մինչև վերջերս ջրհորից էին ջուր հանում: 15 տարի առաջ Լյուդվիգ Նահապետյանի բարերարությամբ ջուրը սարից գյուղ է հասնում: Սա շատ կարևոր իրադարձություն էր գյուղացիների համար, քանի որ բնակիչներն ամեն անգամ արդեն ստիպված չեն հասնեն մինչև ջրհոր: Սակայն ջրի խնդիրը դեռևս արդիական է այս գյուղում:
Komuna kanayq

Այս տարի Մյասնիկյանում անցկացվեց մեկ այլ աղբյուր, որը նույնպես չլուծեց այդ խնդիրը:
«Պետության օգնությամբ էլ Բոզալի գյուղից նորից ջրագիծ բերեցին, սակայն դա էլ շատ քիչ է, ձմեռը գրեթե չի գալիս: Խմելու համար վտանգավոր է նույնիսկ, որովհետև զտած ջուր չէ, բազալտով չի գալիս, հետո էլ հարևան գյուղերի անասունները գալիս են, ամեն ինչ լցվում է: Մունիցիպալիտետը որոշ գումարներ հատկացրել էր որպեսզի կառուցեն ջրամբար: Ամբարի փոխարեն տեղադրել են ալյումինե տարա, ոչ սննդային օգտագործման, դրա համար էլ վտանգավոր է խմելու համար»,- ասաց գյուղացիներից մեկը չցանկանալով ներկայանալ:

Այս տարի, հունիս ամսին Ախալքալաքի Շրջանային ժողովն հաստատեց Սուլդա-Դադեշ-Բոզալի-Մյասնիկյան գյուղերի խմելու ջրով ապահովելու ծրագիրը: Ընդհանուր ջրագծի երկարությունը 17 կմ է, իսկ խողովակի տրամագիծը 110 սմ է: Նոր կառուցվող ջրագիծը սարից հասնելու էր մինչև Սուլդա գյուղի վերևում գտնվող ջրավազան, որտեղից 50 սմ տրամագծով խողովակով ջուրը բաշխվելու էր 4 գյուղի:
Komuna gyux

Բնակիչները դժգոհում են, որ նորակառույց ջրատարից հոսող ջուրը մաքուր չէ: Թունավորման վտանգը մեծ է:

«Բոզալի գյուղից նոր ջուր են բերում, բայց դրա մեջ էլ լիքը կռիսներ (առնետ) են լցված: Արդեն մի շաբաթ է, հովիվներից մեկը տեսել է, զանգել ասել է՝ հանկարծ չխմեք, մեջը կռիս կա»,- ասաց Մյասնիկյան գյուղի բնակիչ Նաիրի Աբգարյանը:

Աբգարյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքն ամեն օր գյուղի հիմնական աղբյուրից ջուր է կրում: Ապահովության համար եռացնում հետո նոր օգտագործում են: Տանը երկու փոքրիկ կա:

«Կարևորապես ջուրն ու ճանապարհը չունենք, որ հիվանդանանք հիվանդանոց էլ չենք կարողանա հասնել: Պայման չկա ապրելու: Ձմռանը աղբյուրից ջուր բերելու համար ժամերով հերթ ենք կանգնում, շատ բարակ է հոսում: Ջուր են քաշում, բայց ներկա դրությամբ մենք էդ ջուրը չենք տեսել»,- պատմեց Սվետլանա Աբգարյանը:
axbyur

Մյասնիկյան գյուղում առանց կալոշի անհնար է քայլել: Ինչպես գյուղացիներն են ասում՝ «մինչև կեսդ խրվում ես ցեխի մեջ»: Դպրոց տանող ճանապարհը ևս անանցանելի է: Դպրոցականների ծնողներն ամեն առավոտյան իրենց երեխաներին գրկած դպրոց են տանում, որպեսզի երեխաները հնարավորինս մաքուր մտնեն դպրոց:
chamur

Մեր խոսակցության ընթացքում Նաիրին անընդհատ նշում էր. «Տուն ու ամեն ինչ ունեմ, բայց այստեղ ապրելն օր-օրի անհնարին է դառնում»:

Վերոնշյալ խնդիրներից բացի, գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ դանդաղ են ընթանում, քանի որ գյուղում տեխնիկա չկա:

«Ամենասարսափելին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար տեխնիկա չունենք: Հարևան գյուղերում մինչև աշխատանաքները չվերջացնեն, մեր գյուղում աշխատանք սկսել կամ ավարտել հնարավոր չէ: Այսօրվա դրությամբ կարտոֆիլի բերքահավաքը չի ավարտվել մի մասը մնացել է դաշտում, որովհետև մինչև հարևան գյուղերը վերջացնում են՝ ձյունը մոտենում է»,- սրտնեղում է Գևորգը, ավելացնելով. «արդեն անունս էլ եմ մոռացել»:
Komuna lvacq

1924 թվականին Սուլդայի բնակիչները հիմնադրում են այժմյան Ալեքսանդր Մյասնիկյանի անունը կրող (Կոմունա) գյուղը: Գյուղի պատմությունը սկիզբ է առնում 5 ընտանիքով: Կոմունա նշանակում է. կոմունիստական հասարակարգի մեջ մարդը ինչքան կարող է՝ ստեղծում է, ինչքան էլ պետք է՝ վերցնում է, նրանք այդպես էլ ապրել էին որոշ ժամանակ: Մեկ դարից ավելի արդյո՞ք կտևի այս գյուղի պատմությունը արտագաղթի այս տեմպերով…

Աղունիկ Այվազյան