Այսօր, մարտի 25-ին Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ Հայաստանի քաղաքացիներ դեսպանության օգնությամբ կարողացել են «Սադախլոյի» անցակետով հատել վրաց-հայկական սահմանը: Ճիշտ է, հայ-վրացական սահմանը բաց է, սակայն քաղաքացիներն չեն կարող հանգիստ անցուդարձ անել՝ կարանտինային խիստ ռեժիմի պատճառով: Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իրականացրել է նախօրորք հավաքագրած քաղաքացիների տեղափոխումը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։
Դեսպանությունը նախ հանդես էր եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների (1 միկրոավտոբուս, 4 ավտոմեքենա) տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։
Մինչև «Սադախլո» մաքսային անցակետ քաղաքացիների տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Դեսպանությունից հայտնում են, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։ Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից, վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար: