Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելվում է օտարերկրացիներին երկիր մուտք գործել մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը: Պատճառը կորոնավիրուսի համաշխարհային համաճարակն է: Այս փաստը փակուղու մեջ է կանգնեցրել Ախալքալաքի շատ ընտանիքների, որոնք գոյատևում են Ռուսաստանում վաստակած գումարով:
Ռուսաստանի Կառավարության որոշման մեջ ասվում է, որ արգելքը չի տարածվում դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, մեքենավարների, օդաչուների և նավաստիների, ինչպես նաև այն օտարերկրացիների վրա, ովքեր մշտական կարգով բնակվում են Ռուսաստանում: Այնուամենայնիվ, սա չի վերաբերվի Ախալքալաքի բնակիչներին, որոնք Ռուսաստան են մեկնում հայկական անձնագրերով` արտագնա աշխատանքների:
Պաշտոնական տվյալների համաձայն, անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մեկուկես անգամ: Ինչպես հստակեցված է Ռուսաստանի Դաշնության Կառավարության կայքում, օտարերկրացիների համար սահմանի փակումը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին և կրում է բացառապես ժամանակավոր բնույթ: Սակայն, այս գործոնը չի կարող համարվել մխիթարանք այն ախալքալաքցիների համար, որոնք զանգվածային կերպով մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Սովորաբար այս պրոցեսը սկսվում է փետրվարի վերջին: Հետևաբար, շատերն արդեն գնել են ինքնաթիռի տոմսերը, մյուսները պայմանավորվածություն ունեին Ռուսաստանում աշխատելու համար, իսկ ոմանք էլ նախատեսում էին գնալ մոտ ժամանակներս: Այդ իսկ պատճառով, շատերի համար այս իրավիճակը պարզապես ողբերգական է, քանի որ տեղում աշխատանք չկա, և տնտեսական իրավիճակն էլ վատթարանում է նոր վիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետևանքով:
«Կարծես ինձ համար լիներ այս ամենը: Ինձ գումար էր անհրաժեշտ հարսանիքի համար, դե իմ գործատուն էլ ուղարկեց այն նախօրոք, որպեսզի ես կարողանամ աշխատել դրա դիմաց ավելի ուշ: Ես պլանավորում էի գնալ մոտ օրերս: Հիմա դա անհնար է դարձել: Ես ստիպված եմ զանգահարել և բացատրել ամեն ինչ: Դարձյալ խնդրեմ գումար և ինչ-որ կերպ խնդրեմ դրա դիմաց աշխատել ավելի ուշ», – ասում է Գոման գյուղի բնակիչը:
Շատերի համար Ռուսաստանի կառավարության այս որոշումը շոկային էր:
Քաղաքի 4 հոգուց բաղկացած բնակչի ընտանիքը գոյատևում է զուտ Ռուսաստանում վաստակած միջոցներով: Ընտանիքի գլուխը արտագնա աշխատանքից վերադարձել է 2019թվականի ձմռանը և պլանավորում էր կրկին գնալ մարտի սկզբին, քանի որ անցյալ տարվա ամբողջ աշխատավարձն արդեն ծախսվել է, բայց պետք է ինչ-որ կերպ ապրել: Մի երեխան ուսանող է, մյուսը՝ դեռ դպրոցական:
«Մենք չգիտենք, թե ինչ է լինելու: Հիմա ինձ ասեք, թե մենք ինչ անենք հիմա: Եթե չխելագարվենք, ապա լավ կլինի: Եթե այստեղ աշխատանք լիներ, իհարկե, նա այստեղ կաշխատեր, բայց ո՞ւր գնալ, որտե՞ղ փնտրել աշխատանք…», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
Այս սահմանափակումներից ոմանք այնքան էլ անհանգստացած չեն, քանի որ նրանք ունեն քաղաքացիություն:
«Ես ռուսական անձնագիր ունեմ, ուստի ամեն դեպքում կարող եմ գնալ», – ասում է երիտասարդը, ում հանդիպեցինք փողոցում:
Նրա ընկերը նույնպես լավատեսորեն է տրամադրված:
«Ինչ-որ բանով կզբաղվենք: Ինչ արած, մենք քիչ հողատարածք ունենք, սա տարբերակ չէ: Կգնանք հովվություն կանենք»:
Մյուսները համաձայն են, թող վատ ապրեն, բայց առողջ լինեն:
«Եթե խոպանի հնարավորություն չլինի, Ախալքալաքում սով կլինի: Մենք շատ ուրախ կլինենք, եթե առողջություն լինի, երիտասարդները կմեկնեն Ռուսաստան աշխատելու և կվերադառնան: Եթե խոպանից փող չլինի, ապա այստեղ շատ վատ կլինի: Եթե հնարավոր չլինի, որ որդիս գնա, նա կանի իր հնարավորության չափով ամեն ինչ, նա կաշխատի որպես բանվոր, նա կգնա հովվություն կանի՝ իր մի կտոր հացը վաստակելու համար: Փող է հարկավոր, ուսանողներ ունենք: Մյուս կողմից, մենք բոլորս պետք է պայքարենք այս հիվանդության դեմ: Ոչինչ, եթե պետք է, ավելի վատ կապրենք, միայն թե բոլորն ապաքինվեն», – ասում է Ախալքալաքի տարեց բնակիչը:
Նոր կորոնավիրուսը, որը ցնցեց ամբողջ աշխարհը, տանջում է մարդկանց ամեն կերպ, ինչպես առողջության առումով, այնպես էլ զուտ տնտեսապես: Բոլորն ապրում են սահմանափակումներով և բոլորին տանջում է միայն մեկ հարց՝ մինչև երբ…