Նինոծմինդայի «Ռադիո NOR»-ի հաղորդմամբ, Վրաստանի քաղաքացին, որը մարտի 15-ի երեկոյան Հայաստանից է ժամանել, տեղափոխվել է Աբասթումանիի Թոքաբանական կենտրոնի մեկուսացման գոտի: Նա չունի կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն դեռևս քաղաքացին գտնվում է կարանտինում:
Ջերմաչափման ընթացքում Վրաստանի քաղաքացին, որը Նինոծմինդայի գյուղերից մեկի բնակիչ է, «Նինոծմինդա» մաքսատանը ունեցել է 37℃ ջերմություն: Այդ պատճառով նա տեղափոխվել է Աբասթումանիի թոքաբանական կենտրոն:
Նինոծմինդայի ՀԱԿ-ում չեն հաստատում այս տեղեկատվությունը՝ ասելով, որ իրենց աշխատակիցները «Նինոծմինդա» անցակետում անընդհատ հերթապահում են, և կորոնավիրուսի կասկածի ոչ մի դեպք չի գրանցվել:
Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում հաստատում են տեղեկությունն այն մասին, որ անցած գիշեր «Նինոծմինդա» անցակետից ջերմությամբ բերվել է Վրաստանի քաղաքացի:
«Նա ոչ մի ախտանիշ չունի: Նրա վիճակը շատ լավ է: Չկա այնպիսի բան, որը մեզ կտար մտահոգության առիթ: Մենք անընդհատ հետազոտում ենք, անհրաժեշտության դեպքում, նրան կուղարկենք Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց», – ասել է Աբասթումանիի Թոքաբանական կենտրոնի ղեկավար Կախա Բերիձեն:
Կարանտինի հայտարարման ժամանակ այս կենտրոնում ստուգում է անցել 50 պացիենտ, բայց նրանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել COVID-19: Այսօր Կենտրոնում մնում է 16 մարդ, որոնց վիճակը գնահատվում է նորմալ: Նրանցից ոմանց կարանտինային ժամկետն արդեն լրանում է և նրանք կվերադառնան տուն: