Բավրա գյուղի մերձակայքում գտնվող ջրամբարի ձկները սատկել են, սատկած ձուկը դուրս է նետվել ափ: Գյուղացիները մտահոգված են, նրանք տեղեկացրել են համապատասխան կառույցներին սատկելու պատճառը պարզելու համար, քանի որ այս ջրամբարը մոտակա գյուղերի համար ծառայում է որպես անասունների ջուր խմելու վայր:
Գյուղացիները սատկած ձկներին ջրամբարում հայտնաբերել են երեկ, բայց դեռ հայտնի չէ, թե երբ է դա տեղի ունեցել: Դա կհաստատի փորձաքննությունը: Այսօր տեղում եղել են Շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային ծառայության աշխատակիցները և Ախալքալաքի քաղաքապետարանի Բնապահպանության և գյուղատնտեսական հիմնահարցերի վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին: Նրանք սատկած ձուկն ուղարկել են փորձաքննության: Ջրամբարում, հիմնականում, կա կարաս:
Ջրամբարը, որը տեղի բնակիչներն անվանում են Բյոգեկի լիճ, գտնվում է Բավրա գյուղից 8 կմ հեռավորության վրա, այնտեղ դժվար է հասնելը: Այդ մասերում արածեցնում են մոտակա գյուղերի անասուններին, հիմնականում՝ Բավրայից և Կարտիկամից: Անասուններին ջրում են այս ջրամբարում:
Սատկելու ճշգրիտ պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, մասնագետները ենթադրում են, որ սատկը կարող էր տեղի ունենալ ձմռանը, սառույցի տակ թթվածնի պակասի պատճառով:
«Ես եղել եմ տեղում, հավանաբար, այնտեղ թթվածնի պակաս է եղել, լճում ջուր քիչ կար, սառնամանիք էր, սառույց և ձուկը սատկել է», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:
Գյուղացիները մտահոգված են տվյալ փաստից և ցանկանում են աշխատանքներ ձեռնարկել ջրամբարի ափերը սատկած ձկներից մաքրելու ուղղությամբ, քանի որ շուտով կսկսվի անասուններին արածեցնելու սեզոնը:
Jnews- ը կփորձի համապատասխան մարմիններից իմանալ անալիզների արդյունքների, այլ մանրամասների մասին և հաջորդ նյութում կտեղեկացնի իր ընթերցողին: