Ախալքալաքի բարբառով՝ ղմի, հայերենով՝ շուշան: Սա այն բույսն է, որը ժամանակին բնության կողմից անվճար նվեր էր, այժմ բավականին դժվարմատչելի է դարձել այն սիրողների համար:

ghemi3

Շուշանից պատրաստում են համեղ թթու, այն կարելի է ուտել թարմ, խաշած կամ տապակած վիճակում ձվի հետ։ Նախկինում շուշան քաղելն ուրախ ժամանակ անցկացնելու առիթ էր ընտանիքներում: Այժմ այն սկսել է ավելի քիչ աճել, և ոչ բոլորն են ժամանակ ու ցանկություն ունենում ինքնուրույն հավաքելու իրենց սիրելի դելիկատեսը։

Գնելու ժամանակ որոշ գնորդների մոտ կասկածներ են առաջանում՝ արդյոք բույսը հավաքված է մաքուր թե քիմիական տարբեր նյութերում մշակված դաշտերից։ Հիմնականում հացահատիկայինների դաշտերում է այն աճում: Արտերի տերերը թույլ չեն տալիս մարդկանց մտնել իրենց դաշտերը շուշան հավաքելու համար, եթե, իհարկե, տեսնեն։

Շուշանն Ախալքալաքի շուկայում վաճառում են մեկ կիլոգրամը 10 լարիով, խոստանալով մի քիչ իջեցնել գինը, եթե գնորդը վերցնի մի ամբողջական տոպրակ։ Հարցին, թե որտեղ են սովորաբար հավաքում այս խոտաբույսը, որոշ վաճառողներ չպատասխանեցին, իսկ մյուսներն ասացին, որ իրենց իսկ դաշտերում։

«Ես հավաքվում եմ իմ դաշտից՝ Թոթխամում։ Ես հո գիտեմ, որ իմ դաշտը դեղած չի, ուստի կարող եմ ասել, որ մթերքն էկոլոգիապես մաքուր է»,- ասում է վաճառողներից մեկը։

Նա հավելում է, որ այս տարի, ընդհանուր առմամբ, շուշանը նույնքան է, որքան նախորդ տարիներին էր, տարբերություն չկա։ Գինը նույնպես պահպանվել է նույնը, ինչ նախորդ տարի էր։

ghemi2

Շուշանը վայրի բույս է, այն հազվադեպ է աճեցվում որպես մշակաբույս։ Այն հավաքելը շատ դժվար է, ուստի այն նման գին ունի։

Գնորդներն, ընդհանուր առմամբ, այս գինը արդարացված են համարում, քանի որ հասկանում են, որ շուշանը դժվար է հավաքել։

«Յուրաքանչյուր ցողունը պոկելու համար պետք է կռանալ, կտրել, դեն նետել ավելորդությունները։ Ես ինքս թթու չեմ պատրաստում, ինձ շատ պետք չէ»,- ասում է դելիկատեսը գնողներից մեկը։

«Թթվի համար, իհարկե, 10 լարին շատ թանկ է։ Բայց ինչ անենք, սա մեր սիրելի թթուն է, պետք է ծախսվենք։ Մենք գնում ենք առնվազն 10 կգ։ Եթե մեկ կիլոգրամի գինը լիներ 7-8 լարի, ապա նորմալ կլիներ»,- մեկնաբանում է մեկ այլ գնորդ:

ghemi4